Կարևոր իրադարձություններ

Արտեմ Ասատրյանը ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հետ քննարկել է Հայաստանում հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը

26 Սեպտեմբեր, 2017 18:00
Արտեմ Ասատրյանը ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հետ քննարկել է Հայաստանում հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով  ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում:

Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական  համակարգի  ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել այդ համակարգում սոցիալական աշխատողի դերակատարության կարևորությունը:

Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  հաշմանդամության ոլորտում իրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով  առողջապահական մոդելից անցում է կատարվում սոցիալական ներառմանը:

Նախարարը կարևորել է նաև խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը  և նշել, որ Սպիտակ քաղաքում արդեն գործում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի փոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում և «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն:

Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարևորելով  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը  և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի մեծ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ միաժամանակ ողջունելով Սպիտակի  խնամքի տունը որպես լավագույն արդյունք:

Հանդիպման ավարտին պարոն Պուրասին  հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն  զեկույցում,  ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին