Կարևոր իրադարձություններ

Պարապ վոյաժներ. փոխադարձ այցելությունների արդյունքում գրեթե ոչ մի հարց չի լուծվում. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2017 08:33
Պարապ վոյաժներ. փոխադարձ այցելությունների արդյունքում գրեթե ոչ մի հարց չի լուծվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը կրկին սկսել է կոմպլեմենտար քաղաքականություն վարել (Վարդան Օսկանյանի ականջը կանչի): Հայկական մի պատվիրակություն այս օրերին Վրաստանում է՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում՝ ԱԺ փոխնախագահ Շարմազանովի ղեկավարությամբ։ Ռուսաստանի կրթության նախարարն է Երեւանում։ Անգամ Ադրբեջանում պատվիրակություն ունեինք՝ Արմեն Աշոտյան-Մանե Թանդիլյան կազմով։
 
Բայց որքան էլ տարօրինակ է՝ այս փոխադարձ այցելությունների արդյունքում գրեթե ոչ մի հարց չի լուծվում։ Ինչպես տասնամյակներ շարունակ այդ այցերին հաջորդած պաշտոնական ռելիզներն ազդարարում էին, որ «քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», եւ հանդիպումը «լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար», այնպես էլ հիմա են ազդարարում։ Անգամ այն պարզ միջոցառումը, որի մասին խոսվում էր նախապես՝ ՀՀ առաջին հանրապետության հուշատախտակի բացումը, պարզվում է, Թբիլիսիում այս անգամ չի կայանալու՝ ինչ-որ տեխնիկական խոչընդոտ է առաջացել։ Մինչդեռ մեր հարեւանների յուրաքանչյուր հանդիպում, որին հայկական պատվիրակությունը չի մասնակցում, ավարտվում է ստրատեգիական պարտնյորության, տարածաշրջանային հզոր նախագծերի մասին հուշագիր-պայմանագրերով։
 
Եվ Հայաստանը գնալով մեկուսանում է մեծ ծրագրերից, հեռանկարային նախագծերից։ Իսկ մեր պաշտոնյաների արտերկրյա ուղեւորություններին ուշադիր հետեւող փորձագետները մի օրինաչափություն են նկատում՝ այդ այցերը, որպես կանոն, նախորդում են հարեւան պետություններում տեղի ունենալիք ընտրություններին։ Մերոնք գնում են հիմնականում մի նպատակով՝ դիասպորան տեղական իշխանություններին ծառայեցնելու»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին