Կարևոր իրադարձություններ

Մարատ Գրիգորյան. «Ցանկացած հանքավայրի բացումը, նրա խելացի ու ռացիոնալ օգտագործումը տնտեսության համար կարևոր է». «Փաստ»

26 Սեպտեմբեր, 2017 08:15
Մարատ Գրիգորյան. «Ցանկացած հանքավայրի բացումը, նրա խելացի ու ռացիոնալ օգտագործումը տնտեսության համար կարևոր է». «Փաստ»

Շաբաթներ անց՝ հոկտեմբերի 5–ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի մարզպետարանում տեղի կունենան «ԱԳԱՊԵ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 5–րդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

«ԱԳԱՊԵ» ընկերությունը «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.» ԲԲ ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այն 5–րդ պայմանական տարածքում՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ածխաջրածնի հեռանկարներ է հայտնաբերել: Ըստ նախագծի՝ վերլուծությունը կատարվել է 2007թ. սկսած երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա:

Աշխատանքների ծրագրի նպատակն է զարգացնել նավթի և գազի երկրաբանության հիմնական բաղադրիչների, այդ թվում՝ ստրուկտուրայի վերաբերյալ գիտելիքները, պարզել մայր ապարների և ավազանների տեղաբաշխումը և որակը, ածխաջրածիններ առաջացնելու հնարավորությունն ու դրանց պարփակման պոտենցիալը: Երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի արդյունքներից կախված «ԱԳԱՊԵ» ընկերությունը կիրականացնի նվազագույնը երկու հետախուզական հորատանցքի հորատում 5–րդ պայմանական տարածքում: Ենթադրվում է, որ հորատանցքը կհորատվի նվազագույնը 2 հազար մ խորությամբ:

Հայաստանում նավթի և բնական գազի հնարավոր պաշարների վերաբերյալ «Փաստը» զրուցել է Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանի հետ՝ պարզելու հայաստանյան գազի ու նավթի հնարավոր պաշարների առկայությունը:

– Ի՞նչ հիմքով կարելի է հույս ունենալ, որ Հայաստանում բնական գազի և նավթի որոշակի պաշարներ գուցե և կան:

– Ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Նույնիսկ ամենավատագույն պայմաններում մարդիկ հույս են կապում ինչ–որ բանի հետ: Նավթի և գազի որոնումներ առաջին անգամ կատարվել են 40–ական թթ. վերջերին, հորատումներ են իրականացվել, և նավթի ու գազի կուտակումների որոշակի նախանշաններ են հայտնաբերվել, ինչը հիմք է տվել այդ աշխատանքները հետագայում խորացնելու ու զարգացնելու: 60–ականն թթ. նույնպես նմանատիպ աշխատանքներ տարվեցին, վերջում առանձնացրին տարածքներ Հոկտեմբերյանի տարածքում, հորատումներ կատարեցին և որոշակի խորություններից մեծ ճնշումով գազի ելք գրանցվեց: Դա բավական հուսադրող էր: Անգամ այն ժամանակ ցանկացան խողովակաշար անցկացնել և գազը հասցնել Երևան, սակայն 2 ամիս անց գազի ճնշումն ընկավ, և հանքավայրը դարձավ ոչ հեռանկարային: Պարզվում է՝ կար կուտակում, բայց ոչ հանքային ու արտադրական նշանակության: Պարզապես թաքստոցներում ժամանակին կուտակված գազերը մեծ ճնշումով դուրս էին եկել մակերես:

Հորատումներ իրականացվեցին նաև Գառնի–Երևան ճանապարհահատվածի վրա՝ Հացավանի տարածքում: Այնտեղից նավթի նմուշներ վերցրեցին, բայց այդպես էլ արտադրական նշանակության հանքավայր չհայտնաբերվեց: Իսկ անկախության տարիներից հետո մի քանի արտասահմանյան ընկերություններ նույնպես հորատման փորձեր արեցին, սակայն ապարդյուն:

Հայաստանի երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ ամբողջովին մերժել, թե մենք կարող ենք նավթի, գազի կուտակումներ ունենալ, ճիշտ չէ: Բայց և այդքան հուսալուց հետո, իրական արժեքը տեսնելու դեպքում, մի փոքր հույսը դառնում է ավելի անիրական: Փաստացի՝ տվյալները մերժողական են, քան հաստատող: Բայց ամեն դեպքում տարածքի կառուցվածքը նավթագազային կուտակումների տեսակետից հեռանկարային է և հետաքրքրություն ներկայացնող:

Ցանկացած աշխատանք կատարելուն չի կարելի խանգարել ու մերժել: Բայց դա պետք է կատարվի պրոֆեսիոնալ, ոչ թե սիրողական մակարդակով, ու հատկապես տեղի մասնագետների կարծիքը հաշվի առնելով:

– Եթե նավթի ու գազի ինչ–որ պաշարներ, այնուամենայնիվ, հայտնաբերվեն, Հայաստանում դա ի՞նչ հարց կարող է այսօր լուծել:

– Ցանկացած փոքր ծավալի արտադրական նշանակության հանքավայրի առկայությունը մեծ նախադրյալ կհանդիսանա տնտեսության ու երկրի զարգացման, ինչպես նաև ներքին սպառման հարցերը լուծելու համար: Այնպես որ, հանքավայրի առկայությունը, բացումը, արդյունաբերական պաշարների առկայությունը, դրա խելացի, ռացիոնալ ու համալիր օգտագործումը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին