Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

24 Սեպտեմբեր, 2017 19:27
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գլխավոր նպատակը հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիվացնելու ուղիներն ուսումնասիրելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

«Խորհրդակցությունների գլխավոր նպատակը հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիվացնելու ուղիներն ուսումնասիրելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը»,- ասված է հայտարարությունում:


Ինչպես նշվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շաֆերը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 22-23-ին առանձին և այնուհետև համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:


«Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց հանձնառությունն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:


Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի՝ քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ տարածքում իրավիճակը, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները քննարկելու և առաջիկա բարձր մակարդակով հանդիպումների համար նախապատրաստությունների մասին նրանց տեղեկացնելու համար:


Ինչպես նշվում է հայտարարությունում, հոկտեմբերի սկզբին համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին