Կարևոր իրադարձություններ

Լակոտը նշանակվում է Ֆրանսիայի դեսպան, իսկ Գարո Փայլանն արժանանում է Քիմ Քարդաշյանի ու Հենրիխ Մխիթարյանի բախտին․ Շաբաթի TOP 10

23 Սեպտեմբեր, 2017 17:00
Լակոտը նշանակվում է Ֆրանսիայի դեսպան, իսկ Գարո Փայլանն արժանանում է Քիմ Քարդաշյանի ու Հենրիխ Մխիթարյանի բախտին․ Շաբաթի  TOP 10

Վերջին շրջանում այս տասը մարդն են հատկապես հետաքրքրել հայ հանրությանը։ Եվ այսպես․

 

1.Գարո Փայլան

Այս անվախ հայն իրապես հերոսաբար է պայքարում Թուրքիայի ավտորիտար իշխանությունների դեմ։ Ահա թե ինչու իր հերոսներին կորցրած ու այդպես էլ չգտած հայ հանրությունը սելֆիախեղդ արեց նրան։ Համեստ պատգամավորն արժանացավ սեքս-դիվա Քարդաշյանի և ֆուտբոլի համաշխարհային աստղ Մխիթարյանի բախտին։ Հայաստանում գրեթե բոլորն ունեն նրանց հետ սոցիալական ցանցում ցուցադրված առնվազն մեկ լուսանկար։

 

2.Լիանա Զուրաբյան (ասմունքող)

Որքան քիչ բան է հարկավոր Հայաստանում սուպերմեգաաստղ դառնալու համար։ Բավական է լինել հիստերիկ կին, զավեշտալի հոխորտալ ասմունքողի բարձր դիրքից ու բարձրաձայնել գլոբալ անարդարության մասին՝ բողոքելով բոլորի նյարդերի ու գրպանի վրա արդեն ազդող չափից դուրս շատացած Պետավտոտեսչությունից, և ահա՝ ամենաքննարկվածների տասնյակում կարող ես հայտնվել նման բարձր հորիզոնականում:

 

3.Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարապետյանն իր հմայքով, իր մեկամյա ակտիվ գործունեությամբ, իր պաշտոնավարումը շարունակելու արդեն բավական բաց ակնարկներով շարունակում է մնալ հայկական քաղաքական երկնակամարի ամենավառ աստղերի եռյակում։ Լինել, թե՞ չլինել վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո. այս հարցը դարձել է համահայկական քաղաքական օրակարգի միակ սևեռուն միտքը, իսկ դրա հերոսը՝ երկրի ամենաքննարկվող քաղաքական գործիչը։

 

4.Արամ Ա Կաթողիկոս

Նրա հռետորական կարողությունները դարձյալ ցնցեցին հանրությանը, իսկ ամենախելացիները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե իրականում ոչ մի հատուկ բան չասող, ոչ մի թիրախային քննադատություն չհնչեցնող և ոչ մի խնդրի կոնկրետ լուծում չառաջարկող նրա ելույթը ինչպե՞ս դարձավ այդքան սիրված ու քննարկված՝ դատարկվող Հայաստանի և մաշվող սփյուռքի համար։

 

5.Միխեիլ Սահակաշվիլի

Այս վրացին ոչ միայն իրար է խառնել Ուկրաինան, այլև ողջ աշխարհը։ Նա ոչ միայն կարողացավ հեղափոխություն անել ու իշխել իր հայրենի փոքրիկ Վրաստանում, այլև դառնալ նահանգապետ, իսկ այնուհետև էլ՝ հեղափոխական ընդդիմության առաջնորդ մի օտար հսկա երկրում։ Կարելի է չսիրել, չհարգել ու չհասկանալ Սահակաշվիլիին, սակայն անհնար է չքննարկել նրա էքսցենտրիկ անձն ու գործունեությունը։

 

6.Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանը բանտարկեց նրան ու մեղայական թուղթ կորզեց այս ազատամիտ բլոգերից, որից հետո հայ հանրությունը անարգանքի սյունին գամեց խեղճին։ Լապշինն էլ հենց հայտնվեց իր հայրենի Իսրայելում ազատության մեջ, անարգանքի սյունին գամեց Ադրբեջանն իր բռնապետական ռեժիմով և հայատյացությամբ։ Այս ամենից հետո հայերը նրան նորից հերոսացրեցին և բարձրացրին ամենաքննարկվածների պատվանդան։

 

7.Դոն Պիպո

Էջմիածինցի մեծահարուստը, ով ըստ լուրերի սերտ առնչություն ունի իտալական մաֆիայի հետ, դարձավ բուռն քննարկման առարկա, երբ ձերբակալեցին հայտնի քրեական հեղինակություն Կոնևսկոյին։ Մամուլը գրեց, որ այս ձերբակալությունը կապված էր Դոն Պիպոյի դեմ մահափորձի հետ, և որ Դոն Պիպոն անձամբ էր նպաստել Կոնևսկոյի ձերբակալությանը։ Գողականը պաշտող հայությունը խիստ զարմացավ, երբ տեղեկացավ, որ իտալական մաֆիայի կանոններով այլևս արգելված չէ իրավապահների հետ համագործակցելը։

 

8.Դոնալդ Թրամփ

Նա այնպես ելույթ ունեցավ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, որ մարդկության քաղաքակիրթ հատվածը դարձյալ փշաքաղվեց՝ չհավատալով, որ ամենաազատ ու ժողովրդավար երկրի առաջնորդը կարող է նման լակոտական հաթաթա տալ ողջ աշխարհին։ Նա սպառնաց ոչնչացնել Հյուսիսային Կորեան և պատժել Իրանին, իսկ աշխարհը նորից զարմացավ ու քննարկեց այս անդաստիարակ նախագահին և իր չափազանց անկեղծ հայտարարությունները։

 

9.Արմեն Ամիրյան

Անկախության օրը հայ արդի մշակույթի մի շարք կարկառուն գործիչներ արժանացան պետական բարձր պարգևների, սակայն ամենևին այս պատճառով չէր, որ քննարկվեց մշակույթի ներկայիս նախարարը։ Սոցիալական ցանցերում նրա միսը երկար ծամեցին, երբ Ամիրյանի ենթակայության տակ աշխատող թանգարանն արգելեց ստալինյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսը։

 

10.Ջոնաթան Լակոտ

Ֆրանսիան նոր դեսպան նշանակեց Հայաստանում, և հայ հանրությունը ուշագնաց եղավ լսելով նրա ազգանունը։ Այո՛, Լակոտ։ Ինչ մեղավոր է ֆրանսիացին, որի ազգանունը դրել են Լակոտ՝ չիմանալով, որ նա մի օր կնշանակվի Հայաստանում դեսպան, որտեղ լակոտ ասելով ծիծաղում են դեսպանի վրա՝ առանց նույնիսկ տեսնելու կամ ճանաչելու նրան։ Խեղճ Ջոնաթան Լակոտ և խեղճ պարապ մնացած ու նման բաներով զվարճացող ֆեյսբուքահայություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին