Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով». «Փաստ»

23 Սեպտեմբեր, 2017 09:55
Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 72–րդ նստաշրջանում, ասել է, որ անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Արցախին այլևս չի զարմացնում հարևան պետության ղեկավարի կողմից տարբեր առիթներով հնչող նման հայտարարությունները:

Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությանն ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ Լեյլան: Լեյլա Ալիևան լուսանկարներ ու սելֆիներ է արել ու մաստակ ծամել, մինչ հայրը ելույթ էր ունենում ՄԱԿ–ի ամբիոնից՝ խոսելով Հայաստանի և Արցախի մասին:

«Ամենալավ պատասխանն Ալիևին իր ընտանիքն է տվել՝ դուստրը՝ «ՄԱԿ սելֆիներով: Արդեն բրենդ է դարձել այդ սելֆիները, որ նա արել է ՄԱԿ–ում: Այդ կապիկությունները պատասխանն էր Ալիևին, երբ իր հայրը՝ իր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը այդպիսի հայտարարություններ էր անում: Այն, թե ինչպես էին Ալիևի մերձավորներն իրենց պահում նրա ելույթի ժամանակ, ամենալավ պատասխանն էր նրան»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներ միշտ են հնչել ու դեռ կլինեն: Արցախն էլ պատրաստ է ամեն կերպ իր սահմանները պաշտպանել:

Իսկ ո՞ւմ էր հասցեագրված Ալիևի ելույթը՝ միջազգային հանրությա՞նն էր ուղղված թե նաև ներքին լսարանին:

«Մենք այդ սելֆիներից հետո այդպես էլ չհասկացանք, թե ինչ է կատարվել, ում էր ուղղված այդ ելույթն ու այդ սելֆիները: Մենք չենք հասկանում»,– պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ եթե Ադրբեջանը փոքր– ինչ հարձակվելու հնարավորություն ունենա, ռազմական գործողություններ կսկսի Արցախի դեմ: Նման քայլեր հակառակորդը մեկ անգամ չէ, որ կատարել է:

«Առանց Ալիևի հայտարարությունների էլ իրենք ռազմական քայլեր կատարում են»,– հավելեց նա:

Անդրադառնալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին, Դավիթ Բաբայանն ասաց.

«Արցախի համար ամենակարևորը անվտանգության բաղադրիչն է: Դրա մասին, ի դեպ, խոսեց նաև Էդվարդ Նալբանդյանը: Սրա մասին մենք միշտ ենք խոսում: Չի կարող լինել վերադարձ անցյալին՝ ոչ սահմանի, ոչ կարգավիճակի առումով, որովհետև խոսքն առաջին հերթին մեր անվտանգության մասին է»:

Հիշեցնենք, որ Հայաստան–Սփյուռք համաժողովին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին, ասել էր. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դրվելու հանգուցալուծումը»:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին