Կարևոր իրադարձություններ

Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից. «Փաստ»

23 Սեպտեմբեր, 2017 08:43
Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից. «Փաստ»

Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջեւ են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել:

«Հիմա, ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված: Չի մթերվել, չենք կարողացել վաճառել, բերքահավաք էլ չենք արել ու սաղ դեղձը թափվել է: Ծառերի տակ ոտք դնելու տեղ չկա»,– «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Լենուղի գյուղի բնակիչները:

Միակ գործարանը, որը գյուղացիներից դեղձ է ընդունում «Նոյ»–ն է: Այն դեղձը գնում է կիլոգրամը 60 դրամով, բայց գյուղացին հնարավորություն չունի բերքը գործարան հասցնել: Այն ստիպված կիլոգրամը 40 դրամով վերավաճառողներին է տալիս, որպեսզի նրանք դեղձը գործարան հասցնեն:

«Միջնորդն ավելի շատ է աշխատում, քան դեղձատերը: Մի կիլոգրամը 40 դրամով ենք վաճառում: Մենակ բանվորին մի օրվա համար 5000 դրամ փող ենք տալիս: Ամեն այգում ամենաքիչը 3 բանվոր է պետք: Մարդ կա, որ ինքն է դեղձը գործարան տանում՝ 15000 դրամի էլ տեղափոխման համար մեքենային է վճարում»,– դժգոհեցին այգետերերը: «Փաստ»–ի տեղեկություններով, սակայն գործարանը գյուղացիներին տեղում չի վճարում: Գյուղացուց գնած բերքի դիմաց կվճարեն փետրվարին:

««Նոյն» էլ քմահաճ է, մի օր տանում է, 3 օր չի տանում»,– բողոքեց գյուղացին:

Գյուղացիները պատմեցին, որ 15 օր է՝ ինչ դադարեցվել է արտահանումը: Անհատ ձեռներեցները Լենուղի են եկել եւ դեղձ գնել: Վերջին օրերին, սակայն գնորդները հրաժարվել են գյուղացու հետ առեւտուր անել:

«Չեք պատկերացնի՝ սկզբում ինչքան լավ էր: Նույնիսկ դաշտերի համար վիճում էին, թե ով որ դաշտը պետք է տանի, հետո կամաց–կամաց սաղ հետ քաշվեցին: Մի քանի օր առաջ եկան, ասեցին, որ Ռուսաստանում դեղձը չի ծախվում, չենք կարող տանել: Դաշտ կար, որ արդեն գինն էին պայմանավորվել, բայց թողեցին ու գնացին»,– փոխանցեց մեր զրուցակիցը:

Լենուղիում շուրջ 250 հեկտար դեղձի այգի կա, բերքի քանակից չեն դժգոհում: Համայնքում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլ բերքի որակը տուժել է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին