Կարևոր իրադարձություններ

Էրդողան. «Եթե չենք կարողանում զենք գնել ՆԱՏՕ–ից, ապա կգտնենք այլ ճանապարհ». «Փաստ»

23 Սեպտեմբեր, 2017 08:15
Էրդողան. «Եթե չենք կարողանում զենք գնել ՆԱՏՕ–ից, ապա կգտնենք այլ ճանապարհ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ ԳԱ շրջանակներում Նյու Յորքում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ նախագահները: Հանդիպման արդյունքների մասին տեղեկությունը խիստ սակավ էր, իսկ առաջնորդների ամփոփիչ խոսքը՝ ընդհանրական: Թեև բոլորը հասկանում էին, որ Անկարան փորձելու է Վաշինգտոնից ստանալ եթե ոչ կոնկրետ գործողություններ, այլ գոնե հստակ դիրքորոշում երկկողմ հարաբերություններում առկա առավել խնդրահարույց հարցերում: Խոսքը նախևառաջ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին է, նաև՝ սիրիացի քրդերին ԱՄՆ–ի աջակցության մասին:

Սակայն հանդիպման վերաբերյալ երկու կողմի հայտարարությունները, ինչպես նշեցինք, խիստ ընդհանրական էին: Ուշագրավն այլ էր: Թրամփի հետ հանդիպումից ժամեր առաջ Էրդողանը մասնակցել էր Bloomberg բիզնես–համաժողովին: Իսկ հանդիպումից հետո էլ գրեթե մեկժամանանոց հարցազրույց տվել CNN–Turk–ին: Համադրելով Էրդողանի հայտարարությունները, կարելի է հասկանալ, թե ինչ են պայմանավորվել և ինչ չեն պայմանավորվել երկու առաջնորդները:

Bloomberg–ի համաժողովի ընթացքում Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահի հետ: Հետո նշել էր, որ «Թուրքիան քայլեր է ձեռնարկում ձեռք բերելու բալիստիկ հրթիռներ, որպեսզի պաշտպանի իր քաղաքացիներին»: Նրա խոսքով, «եթե Սիրիայում, որը մեր կողքին է, կան С–400 համակարգեր, ապա ես փորձելու եմ այնպես անել, որ մենք էլ ունենանք С–400, С–500, նույնիսկ С–600»: Ու «եթե մենք չենք կարողանում զենք գնել ՆԱՏՕ–ից, ապա կգտնենք այլ ճանապարհ»: Էրդողանը նաև ընդգծել էր, որ լինելով ՆԱՏՕ–ի անդամ, իր երկիրը «արդյունքի է հասնում՝ Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցելով»: Նաև նշել, որ Թուրքիան «Օբամայի վարչակազմի հետ բանակցություններ վարել է, բայց չի կարողացել արդյունքի հասնել»: Թուրք փորձագետների կարծիքով, այս հայտարարություններով Էրդողանը փորձել է հանդիպումից առաջ ազդել Թրամփի վրա՝ ցույց տալով իր հաղթաթուղթը՝ համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Իսկ արդեն Թրամփի հետ հանդիպումից հետո CNN–Turk–ին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Իրան, ընդգծել է Ռուսաստան–Թուրքիա–Իրան եռյակի համագործակցության արդյունավետությունը Աստանայի գործընթացի շրջանակներում, հաստատել С–400 համակարգերը ձեռք բերելու պատրաստակամությունը, կրկին քննադատել սիրիացի քրդերին պաշտպանելու ամերիկյան դիրքորոշումը, իսկ Բրյուսելից պահանջել վերջնականապես կողմնորոշվել ԵՄ–ին իր երկրի անդամակցության հարցում: Եզրակացությունը՝ վիճելի հարցերի մեծ մասի շուրջ Թրամփն ու Էրդողանը համաձայնության չեն եկել:

Թեև ԱՄՆ–ն հրապարակավ հայտարարում է, որ դեմ է Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացմանը, սակայն շարունակում է պաշտպանել սիրիացի քրդերին, կասկածանքով է նայում Թուրքիայի համագործակցությանը Ռուսաստանի ու Իրանի հետ, հատկապես որ նրանց դեմ պատժամիջոցներ է կիրառում: Այս առումով թուրք փորաձագետ Օրհան Կարատախը նշում է, որ «հիմա Անկարան պետք է հասկանա, որ Վաշինգտոնը շարունակում է իր հետ խաղում հաղթաթուղթ օգտագործել՝ հասկանալ տալով, որ բացի Թուրքիայից, տարածաշրջանում ինքն ունի մեկ այլ ուժ նույնպես, ում վրա կարող է հենվել»: Մի խոսքով, փոխադարձ կասկածներն ու մեղադրանքները շարունակվում են:

Մնում է սպասել քրդական հանրաքվեին: Դրանից հետո տարածաշրջանում շատ հարցեր կպարզվեն, իսկ ավելի ճիշտ՝ կսկսվի ավելի մեծ մի խաղ, որի հետևանքները դժվար է կանխատեսել:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին