Կարևոր իրադարձություններ

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, և այդ գիտակցումով էլ մենք կարողացել ենք պահպանել պետական անկախությունը. Արա Բաբլոյան

21 Սեպտեմբեր, 2017 14:25
 Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, և այդ գիտակցումով էլ մենք կարողացել ենք պահպանել պետական անկախությունը. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլեւ ճակատագիրը, որը միավորում է բոլորիս:

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում եւ պատասխանատվություն զգում: Կարեւոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ եւ հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին եւ լավատեսությամբ նայենք ապագային:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ եւ ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք եւ կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով եւ սիրով:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին