Կարևոր իրադարձություններ

Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը. «Ժամանակ»

21 Սեպտեմբեր, 2017 08:30
Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:

«Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին», – հավելել է Ալիևը: Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա:

Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը:

Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը:

Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով: Երեկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի իր ելույթում փորձել է Սփյուռքի գործոնով ուժեղացնել Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` դրան հաղորդելով համազգային բնույթ:

Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները: Որևէ պարագայում չի կարելի պետության որակի բացը լրացնել բաղադրիչով, որը կենսունակ կարող է լինել միայն պետության արդյունավետ քաղաքականության պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին