Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյան. «2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի»

19 Սեպտեմբեր, 2017 17:12
Տարոն Մարգարյան. «2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի»

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 18-ին մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերծված կլոր սեղան-քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել են Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագիրը:

Ներկաներին ուղղված իր ելույթում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է.
«Արդեն 6-րդ անգամ համայն հայության սիրելի մայրաքաղաք Երևանում հայկական տարբեր համայնքների, թեմերի ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանում է հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող և բոլորիս հայրենանվեր ջանքերն ու գաղափարները համատեղելուն միտված Հայաստան-Սփյուռք համաժողովը։
Սիրելի՛ հայրենակիցներ, 
Սիրով ողջունում եմ բոլորիդ և ի սրտե ուրախ եմ, որ այսօր բոլորս միասին մեր մեծ տանն ենք՝ Երևանում, որը մեր երազանքների ամրոցն է ու շատերիս համար նաև՝ պայծառ հուշերի մեր քաղաքը:
Այս համաժողովը տեղի է ունենում Երևանի 2800-ամյակի նախաշեմին, որը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու հոբելյանական տարվա ծրագրերը, դրանց իրականացման ճանապարհները, համատեղ անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև մեր մայրաքաղաքի ներկան ու ապագայի տեսլականը:
2800-ամյա Երևանն ունի ձևավորված ավանդույթներ ու ազգային դիմագիծ։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ են ժամանակակից դինամիկ քաղաքին բնորոշ հատկանիշները։ Կարծում եմ` ձեզանից շատերը նույնպես նկատել են, որ հատկապես վերջին տարիներին Երևանն աննախադեպ զարգացում է ապրել, վերափոխվել է՝ ներկայանալով հնարավորինս առաջադեմ, հյուրընկալ ու հարմարավետ։ 
Լինելով համայն հայության քաղաքական, հոգևոր, գիտակրթական, մշակութային, մարզական ու արտադրական կենտրոն, մայրաքաղաք Երևանը ստանձնել է նաև այդ բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը։
Եվ գաղտնիք չէ, որ ցանկացած լուրջ և ծանրակշիռ քայլ, բացի գեղեցիկ գաղափարներից, պահանջում է նաև լուրջ ներդրումներ։ Ըստ այդմ, մեզ համար գերակա ուղղություններից է ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը և այդ տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համայնք-մասնավոր հատված համագործակցությունն ու ընդլայնումը: 
Նման համագործակցության մի շարք հաջողված օրինակներ ունենք ճանապարհաշինության, բնակչության սպասարկման և ծառայությունների մատուցման, հյուրանոցային տնտեսության, բնակարանաշինության և այլ ոլորտներում։
Բնականաբար, Երևանի քաղաքապետարանի վերջին տարիների աշխատանքները նախ և առաջ ուղղված են եղել բնակչության բնականոն կյանքն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Սակայն մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր բարելավում կարճ ժամանակում դառնում է սովորական և բնակչության պահանջներն էլ օբյեկտիվորեն ավելանում են։ Այս առումով անելիքները շարունակական են։ 
Երևանի ծրագրային առաջնահերթությունները փաստում են, որ համայնքը ենթակառուցվածքների արդիականացումը համարում է գերակայություն և ընթանում է այդ ճանապարհով։ Համայնքի կողմից սահմանված առաջնահերթություններից հարկ եմ համարում առանձնացնել տրանսպորտային համակարգի բարեփոխման, համատիրությունների կայացման ու արդյունավետ կառավարման, բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն ու կատարելագործմանն ուղղված ծրագրերը։ 
Մենք վստա՛հ ենք, որ համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են և զինված ենք համապատասխան փորձով ու գործիքակազմով՝ բարեփոխման այս գործընթացները հաջողությամբ իրականացնելու համար։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր խոշոր ծրագրերն իրականացվում են միջազգային կառույցների օժանդակությամբ և հրապարակային մրցույթի ձևաչափով, մենք այստեղ ևս տեսնում ենք Սփյուռքի հետ համագործակցության լայն հնարավորություն։
Թույլ տվեք ընդգծել, որ մեծ է Սփյուռքում ապրող և տարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն ծավալող մեր հայրենակիցների դերակատարությունը մայրաքաղաք Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Նրանք իրենց հետ բերում են նորարարական գաղափարներ, նոր լուծումներ և մոտեցումներ, տարբեր երկրների և ժողովուրդների փորձ, գործարարությամբ զբաղվելու նոր հմտություններ։ 
Այսօր մենք ունենք մի շարք ձեռքբերումներ կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտներում: Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ սիրիահայ մեր հայրենակիցներին սոցիալական տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու ծրագրերը։ 
Բայց աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումները մարտահրավերներ են նետում՝ առաջադրելով նոր պահանջներ ու ռիսկեր: Այս միտումը, որը բնորոշ է զարգացող քաղաքներին, նկատելի է նաև Երևանում: Բարեբախտաբար, տեխնոլոգիաների դարաշրջանը, ստեղծվող խնդիրներին զուգահեռ, ծնում է նաև դրանց խելացի լուծումները: Քաղաքային տնտեսության բազմաթիվ ոլորտներ մենք արդեն իսկ թվայնացրել ենք, ավտոմատացրել ենք գործառույթները, ներդրել կառավարման, վերահսկման, տեղեկատվական և անվտանգության համակարգեր:
Ժամանակի պահանջներին համահունչ, անհրաժեշտություն է առաջանում ունենալ նաև տեխնոլոգիաների ներդրման ռազմավարություն, այլ կերպ ասած «Խելացի քաղաք»՝ Սմարթ Սիթի հայեցակարգ: 
Մենք ուսումնասիրում և տեղայնացնում ենք միջազգային լավագույն փորձը, որի համար ստեղծել ենք «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Եվ այս հանձնաժողովում ներգրավել ենք ոլորտի լավագույն մասնագետներին ու միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին: Եվ արդեն այսօր Երևանն ունի ապագայի քաղաք դառնալու բոլոր հիմքերը։ 
Անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Բայց միևնույն ժամանակ բոլորս կարող ենք հպարտանալ մեր քաղաքի համատեղ ձեռքբերումներով, որոնք իրենց արտացոլումն են գտնում միջազգային հեղինակավոր վարկանշային աղյուսակներում և անվանակարգերում: 
Վերջին տարիներին Երևանում գրանցվող զարգացումները բացառիկ են այն առումով, որ Հայաստանի մայրաքաղաքը միաժամանակ հայտնվեց հեղինակավոր մի քանի վարկանշային աղյուսակներում՝ հաճախ գերազանցելով տարածաշրջանային և եվրոպական զարգացած մի շարք քաղաքների, այդպիսով նաև գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների և ներդրողների ուշադրությունը: 
Միջազգային հեղինակավոր գործակալությունների կողմից Երևանը դասակարգվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացող, ապրելու և աշխատելու համար մատչելի, հարմարավետ, հնագույն ու միաժամանակ արագ զարգացող քաղաքների անվանակարգերը։ 
2014 թվականից ի վեր, էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով, Երևանը աշխարհի լավագույն քաղաքների հնգյակում է: 2016 թվականին անցկացված միջազգային ուսումնասիրության արդյունքներով էլ Երևանն աշխարհի 140 խոշոր քաղաքների շարքում 30-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ որպես անվտանգ քաղաք: 
Ու ես վստա՛հ եմ, որ դեռ շատ ու շատ ոլորտներում է Երևանը առաջատար հորիզոնականներ զբաղեցնելու: Ըստ այդմ, մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ համայն հայության մայրաքաղաքը ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Ի դեպ, այս առումով մենք հաջորդ տարի ունենք հրաշալի մի հնարավորություն՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Առաջիկայում կստեղծվի նաև պետական հանձնաժողով, որը կուրվագծի տոնական միջոցառումների հանդիսավոր և պատշաճ անցկացման ծրագիրը:
Եվ հաշվի առնելով, որ Երևանը բոլորիս մեծ տունն է և, վստա՛հ եմ, բոլորս ենք շահագրգիռ մեր մայրաքաղաքի հոբելյանական տոնը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու հարցում, առաջարկում եմ, որ դուք էլ ներկայացնեք ձեր առաջարկները, որոնք կքննարկվեն և կներառվեն ծրագրում:
Մենք լիահույս ենք, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի։ 
Այստեղ լուրջ դերակատարում կունենա նաև Երևան քաղաքի արտաքին կապերի ոլորտը, որի գլխավոր նպատակներից է Հայաստանի մայրաքաղաքի ճանաչելիության բարձրացումն՝ իր պատմամշակութային ժառանգությամբ, հաջողակ և առաջադեմ ծրագրերով, գիտակրթական ներուժով: 
Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում է միջազգային 8 կազմակերպությունների, որոնց հետ ունի պայմանագրային լայն դաշտ և համատեղ իրականացվող տարբեր ծրագրեր: Այս համատեքստում լայնածավալ ծրագրեր են իրականացվում նաև քույր քաղաքների հետ: Եվ կարծում եմ՝ սա նույնպես նպաստելու է Երևանի հոբելյանական ծրագրերի պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ. 
Երևանը մեր ժողովրդի անցյալի, ներկայի և, իհարկե, ապագայի խորհրդանիշն է։ Վստա՛հ եմ, բոլորիս նպատակն է ունենալ ավելի զարգացած, ավելի առաջադեմ, ավելի հարմարավետ ու գեղեցիկ Երևան։
Կո՛չ եմ անում բոլորիդ, որ այն բոլոր քաղաքներում, որտեղ այսօր ապրում եք դուք, նախաձեռնեք ու կազմակերպեք Երևանին նվիրված միջոցառումներ, հանդիսություններ և ցուցահանդեսներ: Համոզվա՛ծ եմ, որ դա մեծապես կնպաստի մեր բոլորի մեծ տան, մեր սիրելի Երևանի ճանաչելիության բարձրացմանն ու շարունակական զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով իր հրավերն է հղել աշխարհասփյուռ բոլոր հայերին՝ մասնակցելու Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնական միջոցառումներին:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել են կլոր-սեղան քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 
Քննարկման ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրում բացված քաղաքամայր Երևանը ներկայացնող տաղավար և հետևել աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ տաղավարում ներկայացված են Երևանի զբուսաշրջային, ներդրումային, ինչպես նաև «խելացի քաղաք» և մի շարք այլ ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին