Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի դրությամբ Գերմանիայից ապաստան է հայցել Թուրքիայի 962 քաղաքացի

19 Սեպտեմբեր, 2017 14:46
Սեպտեմբերի դրությամբ Գերմանիայից ապաստան է հայցել Թուրքիայի 962 քաղաքացի

2017թ. սեպտեմբերին Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 962-ի:  Այս մասին տեղեկացնում է թուրքական «demokrathaber.com» լրավակայքը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո՝ մինչև 2017թ. սեպտեմբեր ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել դիվանագիտական անձնագիր ունեցող 249 քաղաքացի:

Գերմանիան բավարարել է այդ հայցերի 80 տոկոսը: Այսինքն, ապաստան է տրվել դիվանագիտական անձնագիր ունեցող 196 քաղաքացու: Այս թվերը ներառում են նաև դիվանագետների ընտանիքի անդամներին ու երեխաներին: Ընդ որում, ապաստան խնդրողների թվում շատ են նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Ապաստանի խնդրանքով Գերմանիային դիմող Թուրքիայի քաղաքացիների թվում վերջին շրջանում կտրուկ աճ է գրանցվել: Եթե հունիսի դրությամբ դիմումների ընդհանուր թիվը 433 էր, հուլիսին այն հասել է 620-ի, իսկ արդեն սեպտեմբերին՝ 962-ի:

Գերմանիայի  «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը ուշադրություն է հրավիրել այդ աննախադեպ հանգամանքի վրա՝ կարծիք հայտնելով, որ նման պարագայում Գերմանիան  պարտավոր է փոխել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը և վերանայել այդ երկրի հետ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներին ապաստան տալու պատճառով Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ուժերին: Գերմանիան իր հերթին այցի թույլտվություն ստանալու երկար ու ապարդյուն ջանքերից հետո որոշում էր կայացրել Թուրքիայից դուրս բերել Ինջիրլիքի իր զինուժը:

 

Լրահոս

Դիտել ավելին