Կարևոր իրադարձություններ

«Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ»

19 Սեպտեմբեր, 2017 14:00
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ»

Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեով սկիզբ դրվելիք գործընթացը, բացի այլ խնդիրներից, լրացուցիչ և լրջագույն խոչընդոտ է ստեղծելու նաև դեպի Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ իրանական ելքի համար:

Բանն այն է, որ չնայած այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ, որտեղից այն պետք է շարունակվի դեպի Խանաղին, Բաղդադ, Մոսուլ (Իրաք), Ղամշլի, Դեյր ալ-Զոր, Ռակկա, Հալեպ, Լաթաքիա (Սիրիա)՝ այսպիսով Իրաքի և Սիրիայի տարածքներով Իրանի համար տրանսպորտային միջանցք ապահովելով դեպի Միջերկրական ծով և Եվրոպա: Ենթադրվում է, որ միջանցքն ունենալու է նաև էներգետիկ բաղադրիչ՝ իրանական էներգակիրները եվրոպական շուկաներ հասցնելու հեռանկարով:

Բազմաթիվ այլ բաղկացուցիչներից բացի, Իրանի գործողությունները Սիրիայի և Իրաքի տարածքում, ըստ էության, միտված են նաև նման հեռագնա ծրագրի ապահով իրականացմանը և տեղավորվում են դրա տրամաբանության շրջանակներում:

Ակնհայտ է սակայն, որ Քրդստանում անկախ պետության ստեղծումը, որը բացեիբաց հավակնում է նաև Մոսուլին ու դե ֆակտո քրդական վերահսկողության տակ գտնվող Խանաղինին և ամենայն հավանականությամբ հովանավորվելու է Իրանի ախոյան Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից, կարող է ի դերև հանել այս ուղղությամբ իրանական հեռահար տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը, հետևաբար նոր զարգացումների խորապատկերին դեպի Սև ծով և Եվրոպա իրանական ելքի «հայկական ուղղությունն» ունի բոլոր շանսերը Թեհրանի համար դառնալու ինչ-որ առումով նույնիսկ կենսական նշանակության:

Մերձավոր Արևելքի գերշիկացած այժմյան մթնոլորտում, որտեղ քրդական գործոնը կարող է հավելյալ պայթուցիչ դառնալ, Հայաստանն ունի թերևս ամենակարևոր մրցակցային առավելությունը՝ անվտանգ և վստահելի պետւթյուն լինելու հանգամանքը՝ հաղթաթուղթ, որը մենք կարող ենք և պետք է օգտագործենք լիուլի:

 

Լրահոս

Դիտել ավելին