Կարևոր իրադարձություններ

Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում. սփյուռքահայ գործիչ. «ՀԺ»

19 Սեպտեմբեր, 2017 09:10
Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում. սփյուռքահայ գործիչ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե նա դա ասում է, պետք է նաեւ գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 միլիոն: Այդ 4 միլիոն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոնի:

Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում իշխանավորները անսահման ագահ են, իսկ Հայաստանում առկա իրավիճակը պետք է սթափեցնի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ մյուս պաշտոնյաներին:

«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի այնպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունեւորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Զարեհ Պալյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը, անպայման, լքի Հայաստանը:

«Համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- նկատեց Պալյանը:

Հարցին՝ սփյուռքահայ գործիչները վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում: «Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչեւ 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- հայտարարեց նա:

Զարեհ Պալյանը նաեւ ուշադրություն հրավիրեց Հայաստանում պետական պաշտոններում նշանակվող մարդկանց կենսագրությանը: Նրա խոսքով, ողբերգություն է նաեւ այն, որ պետական պաշտոնյաների են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա:

«Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ հօգուտ ազգի աշխատի եւ ոչ թե հօգուտ իր գրպանի: Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսեւորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ, այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ»,- եզրափակեց Պալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին