Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    569
    577

  • RUB

    8,11
    8,36

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Ի՞նչ է նշնակում բռնադատվածների մասին օրենքի/օրենքների նկատմամբ իշխանությունների հանրային ընկալում. գուցե պարոն Թովմասյանը բացատրի՞»

13 Սեպտեմբեր, 2017 13:06
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ի՞նչ է նշնակում բռնադատվածների մասին օրենքի/օրենքների նկատմամբ իշխանությունների հանրային ընկալում. գուցե պարոն Թովմասյանը բացատրի՞»

«Տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների եւ աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում: Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ»,- ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Զարմանալի է, որ ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահը չգիտի՞, որ ԽՍՀՄ շրջանի բռնադատվածների եւ աքսորվածների նկատմամբ միայն մեկ օրենք կա՝ ՀՀ օրենքը բռնադատվածների մասին, որից բխած անհրաժեշտություններով միայն որոշ դրույթներ կան սոցիալական օրենքներում: 1994ին ընդունված այդ վախկոտ, անատամ օրենքով նույնիսկ չի դատապարտվեկ քաղաքական բռնությունները, այն Հոդված 1.-ում ընդամենը անորոշ ձևակերպում է, թե ում է ճանաչում ՀՀ-ն որպես ԽՍՀՄում քաղաքական բռնությունների ենթարկված անձ. Հոդված 1. Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝ 

ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

Հայաստանից իրականացված երեք դեպորտացիաները, որոնք իրականացվել են էթնիկական հիմքով, օրենքում նույնիսկ չի արտացոլված այս օրենքում: Օրենքը չի հիշում նաև Հատուկ հանձնաժողովների որոշումներով և ԽՍՀՄ բարձրագույն մարմինների վարչական որոշումներով տեղի ունեցած դեպորտացիաները: Անհատական աքսորը մի բան է, հավերժ այլ տեղ բնակեցման համար էթնիկական հիմքով հազարավոր մարդկանց ավտոմատի սպառնալիքով տեղահանելը և գնացքները լցրած դեպորտացնելը՝ այլ բան: Վստահ եմ, պարոն Թովմասյանը այդ մասին նույնիկս չգիտի: ԵՆթադրաբար չգիտի նաև, որ օրենքում հետագայում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները իրենց հերթին արվել են՝ բռնադատվածների սոցիալական իրավունքների փաթեթը կրճատելու նպատակով: 
Դա վաղուց վերանայման ենթակա օրենք է: Եվ բոլոր դեպքերում իրավաբանի կողմից շատ տարօրինակ ձևակերպում է ՛՛Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել՛՛: Ի՞նչ է նշանակում ՛՛իշխանությունների հանրային ընկալում՛՛: Այսինքն՝ թե ինչպե՞ս է հանրությունը ընկալում իշխանություններին, թե՞՝ ինչպիս՞ք են իշխանությունների ընկալումները բռնադատվածների և ԽՍՀՄ բռնությունների մասին: Վերջինիս դեպքում ՛՛հանրայինը՛՛ ո՞րն է:

Բոլոր դեպքերում սիրով պատրաստ եմ ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողին նյութեր տրամադրել այս ամենի մասին՝ որոշումներ, հրամաններ, հաշվետվություններ, նաև՝ դրանց վերլուծությունները: Նաև՝ մայր օրենքի վերլուծությունը: Նաև Ռուսաստանի օրենքը ԽՍՀՄ-ում իրականացված ՛՛էթնիկական պատժի՛՛ մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին