Կարևոր իրադարձություններ

Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը խոստովանում է. «Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի». «Փաստ»

13 Սեպտեմբեր, 2017 07:35
Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը խոստովանում է. «Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի». «Փաստ»

«Փաստ»-ի բացառիկ հարցազրույց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանի հետ

Նուբարաշեն ՔԿՀ–ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանը ազատության մեջ հայտնվելու հույսը չի կորցնում: Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո, օգտվելով իր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, բազմիցս դիմել է տարբեր ատյանների:

«Ի սկզբանե ես մահապատժի եմ դատապարտվել: 2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 103–Ա հրամանով նոր պատժատեսակ սահմանեց: Խոսքը մահապատիժը ներման հրամանագրով փոխարինելու, ապա ցմահ ազատազրկման դատապարտելու մասին է: Ես երեք տարի անորոշության մեջ եմ եղել ու սպասել եմ գնդակահարության որոշման կատարմանը: Հոգեկան ծանր ապրումներ եմ ունեցել ու այդ տարիներին Քոչարյանին ուղղված իմ դիմումի մեջ գրել էի՝ կամ իմ մահապատիժը իրականացրեք, կամ դատապարտեք 15 տարվա ազատազրկման, բայց դադարեցրեք իմ դանդաղ մահը: Ստացվեց այնպես, որ դանդաղ մահանում եմ արդեն 20 տարի»,–«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալը:

Արմեն Տեր–Սահակյանը 2016 թվականին երկարաժամկետ հացադուլ հայտարարեց:Նա նշում էր, որ իրեն վերագրվել են հանցագործություններ, որոնց հետ ինքը կապ չի ունեցել:

Այդ օրերին Տեր–Սահակյանը հանդիպում էր պահանջում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ և հայտարարում էր, որ իր պահանջը արհամարհելու դեպքում սկանդալային բացահայտումներ կանի:

Սպասված հանդիպումը չկայացավ: Արմեն Տեր–Սահակյանը դադարեցրեց հացադուլը.

«Դեռ ոչ մի բան ավարտված չէ: Չի բացառվում, որ գա պահը և ես ստիպված գնամ այդ քայլին: Այս պահին ես մտածում եմ ընտանիքիս ու երեխաներիս մասին: Իմ ընտանիքը իմ պատճառով շատ է տառապել»,–մանրամասնում է Տեր–Սահակյանը:

Արմեն Տեր–Սահակյանը կորցրել է վստահությունը անկախ հանձնաժողովների և դատական ատյանների նկատմամբ:

«Ես խախտումներ չեմ ունեցել, երկու անգամ խրախուսանքի եմ արժանացել: Վաղաժամկետ ազատման մասին հեքիաթը, ցավոք, դեռ չի գործում: Հանձնաժողովը գալիս է՝ երկու հարց է տալիս ու հետո գրում է՝ կալանավորը վստահություն չի ներշնչել: Ես հստակ ասում եմ՝ մարդը, որ ծնվում է, արդեն պոտենցիալ հանցագործ է: Ես չգիտեմ այդ հանձնաժողովը ոնց է գուշակում, որ ես դեռ վտանգավոր եմ հասարակության համար, քանի որ, բացի Աստծուց ոչ ոք մարդու ապագայի մասին իմանալ չի կարող: Ես մարդասպան չեմ ու իմ պատիժը չափազանց խիստ եղավ»,–ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Վանո Սիրադեղյանի անվան գործոնը և նրա անհետանալու փաստը խոչընդոտ հանդիսանան վաղաժամկետ ազատման համար, Տեր–Սահակյանը արձագանքեց.

«Վանո Սիրադեղյանը ժամանակին ասաց, որ ինքը «քավության նոխազ» չի դառնա: Դուրս է գալիս, որ ես դարձա «քավության նոխազ»: Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի: Ես մարդ չեմ սպանել, ես միայն տեղյակ եմ եղել, որ որոշ իրադարձություններ են կատարվելու»,– ասաց Արմեն Տեր–Սահակյանը և հավելեց. «Ես դեռ անցած տարի ներում եմ խնդրել ՀՀ նախագահից: Դեռ հույսս չեմ կորցրել, որ Սերժ Սարգսյանը մի օր ինձ ներում կշնորհի: Դա իմ վերջին հույսն է»:

Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6–ի որոշմամբ):

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը 1992թ. ամռանը Արմեն Սահակի Տեր–Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:


Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

 

Լրահոս

Դիտել ավելին