Կարևոր իրադարձություններ

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները 8 հազար դրամ պարտքի պատճառով իրար «փոր են թափել»

10 Սեպտեմբեր, 2017 21:32
Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները 8 հազար դրամ պարտքի պատճառով իրար «փոր են թափել»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Առաքելյանի ու Վանիկ Վարդազարյանի գործի դատական քննությունը:

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 29-ամյա Կարեն Առաքելյանն ու 46-ամյա պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային Վանիկ Վարդազարյանը մեղադրվում էին միմյանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Կայանի մոտ» կոչվող տարածքում  8 հազար դրամ պարտքի պատճառով Կարեն Առաքելյանն ու Վանիկ  Վարդազարյանը կռվել են իրար հետ:

Կռվի ընթացքում Կարեն Առաքելյանն իր մոտ եղած խոհանոցային  դանակով հարվածել է Վանիկ Վարդազարյանի որովայնի շրջանին, պատճառել է ծանր վնաս՝ ճարպոնի ու բարակ աղու վնասումով:

Վանիկ Վարդազարյանն իր հերթին քարով հարվածել է Կարեն Առաքելյանի գլխին՝ պատճառելով ծանր վնաս՝ գանգի թաղի բաց, բութ վնասվածք:

Դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են կատարվածի համար ու հայտնել են, որ հաշտվել են իրար հետ: Նրանք  միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Առաքելյանի խնամքին մինչև 14 տարեկան… 4 երեխա կա, իսկ Վանիկ Վարդազարյանի խնամքին է 1 անչափահաս երեխա:

Դատարանը Կարեն Առաքելյանին ու Վանիկ Վարդազարյանին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 3-ական տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրանց փաստացի արգելանքի տակ վերցնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

 

Լրահոս

Դիտել ավելին