Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Կարեն Կարապետյանը դեռ երկրորդը, և ու՞մ կողմից կլինեն Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը գալիք ապրիլին. Ամենահզորների TOP 10 (տեսանյութ)

09 Սեպտեմբեր, 2017 20:37
Ինչու՞ է Կարեն Կարապետյանը դեռ երկրորդը, և ու՞մ կողմից կլինեն Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը գալիք ապրիլին. Ամենահզորների TOP 10 (տեսանյութ)

Երկրի ողջ իշխանական բուրգը շունչը պահած սպասում է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը վեց ամիս անց: Մինչ ամենակարևոր հարցի հստակեցումը այս տասը մարդն են իրենց ձեռքում կենտրոնացրել երկրի ողջ քաղաքական ու տնտեսական հզորությունը: Եվ այսպես.

 

1. Սերժ Սարգսյան

Նրանն են այսօր Հայաստանի բոլոր ուժային կառույցները՝ ՊՆ, ԱԱԾ, ԱԳՆ, ԱԻՆ և ոստիկանություն: Նրանն է խորհրդարանը: Նա ունի նաև հսկայական ազդեցություն երկրի գրեթե բոլոր, այդ թվում՝ որոշ ընդդիմադիր կուսակցությունների վրա: Նա կարողանում է վերահսկել գրեթե բոլոր լրատվական հոսքերն ու հանրային քննարկումները: Եվ ամենակարևորը՝ Պուտինը Հայաստանում հենց իր հետ է հանդիպում և իր հետ է լուծում հայաստանյան հարցերը: Ահա թե ինչու է նա առաջինը թե՛ երկրում և թե՛ այս տասնյակում:

 

2. Կարեն Կարապետյան

Նա ի պաշտոնե երրորդն է՝ Նախագահից և ԱԺ նախագահից հետո: Այդուհանդերձ, դե ֆակտո նա երկրորդն է, քանի որ նրան է տրված տնտեսական ամբողջ բլոկի կառավարումը: Բացի այդ, նա ունի մի քանի նախարարներ ու պատգամավորներ, ինչպես նաև մեծահարուստ շատ ընկերներ: Նրա թիկունքին է կանգնած Ռուսատանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Եվ ամենակարևորը՝ շատերը դեռ հավատում են, որ 2018-ի ապրիլից հետո նա է մնալու վարչապետ, և հենց այդ սպասումը բավարար է, որ նա հսկայական կշիռ ստանա ներիշխանական մրցավազքում:

 

3. Տարոն Մարգարյան

Հայաստանի տնտեսական, քաղաքական և մարդկային ռեսուրսների կեսից ավելին Երևանում է, իսկ նա էլ այդ քաղաքի միանձնյա կառավարիչն է: Այս բարդ ու անորոշ քաղաքական ժամանակաշրջանում նա կարողանում է հավասարակշռված գիծ պահել և արդյունավետ աշխատել, ինչն էլ նրան թույլ է տալիս ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել իր ազդեցությունը իշխանական էլիտայում: Այդ ամենի հետ միասին շատ երևանցիներ նրան պարզապես սիրում են, իսկ Երևանում քիչ թե շատ հեղինակություն ունեցող ամեն երկրորդը նրա թիմի նվիրյալ է:

 

4. Վիգեն Սարգսյան

Նա զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որը ցանկացածին կարող է մեխանիկորեն ապահովել բարձր դիրք այս տասնյակում: Միևնույն ժամանակ նա հանդիսանում է նախագահի ամենավստահելի մարդկանցից մեկը: Նրա ազդեցությունն աճում է նաև այն սպասումից, որ կոմպրոմիսային սցենարներից մեկի դեպքում նա հավակնություն ունի դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետը՝ իհարկե, իր կուսակցության ղեկավարի բացարձակ ենթակայության ներքո:

 

5. Սամվել Կարապետյան

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նրան է տրվում ատոմակայանը, և որ նա դադարել է լինել վարչապետ Կարապետյանի ընկերն ու աջակիցը: Ոմանք այս երկու չստուգված լուրերից եզրակացրեցին, որ Սամվել Կարապետյանին տրվել է ատոմակայանը՝ Կարեն Կարապետյանին լքելու պայմանով: Ամեն դեպքում, չճշտված ու ճշտված այս լուրերը վկայում են, որ այս հորիզոնականը զբաղեցրած մարդու դիրքորոշումը չափազանց կարևոր է լինելու հաջորդ տարվա վարչապետի հարցը լուծելու ժամանակ, ինչն էլ տաշիրցի միլիարդատիրոջը դարձնում է ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Հայաստանում:

 

6. Գեորգի Կուտոյան

Նա ամենաերիտասարդն է բոլոր հզորների մեջ և ամենահզորը բոլոր իրավապահների շարքում: ԱԱԾ-ն ավանդաբար ունեցել է մեծ քաղաքական ու ինֆորմացիոն ազդեցություն, սակայն ԱԱԾ հենց այս երիտասարդ տնօրենը իր հետ նախագահականից բերել է նաև գերհզոր լծակներ ողջ իրավական դաշտի վրա: Նրա հովանու ներքո են գործում իրավական ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս ամենին զուգահեռ նա շարունակում է իր հակակոռուպցիոն հաղթարշավը և ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ այլ հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում:

 

7. Վլադիմիր Գասպարյան

Գեներալն ահ ու սարսափի մեջ է պահում ոչ միայն իր ողջ համակարգը, այլև բոլոր չարաճճիներին, բոլոր ավտովարորդներին, վերացած ցուցարարներին, շատացած հանցագործներին և նույնիսկ՝ ասմունքողներին: Նա այսօր ունի այնպիսի մեծ ոստիկանական բանակ, որի մասին չէին կարող նույնիսկ երազել իր նախորդները: Բացի այդ, նա նախագահ Սարգսյանի հետ ճանապարհ անցած այն հնաբնակներից է, որն ունի անսահման վստահության քվե: Այսպիսով, հին գվարդիայի վերջին մոհիկանը կարողանում է հեշտորեն դիմակայել երիտասարդական հովերին, իսկ մերթընդմերթ էլ սկիզբ է տալիս դրանց: 

 

8. Վարդան Հարությունյան

Նրան է հանձնված վարչապետ Կարապետյանի թիմի ազդեցության միակ իրական տնտեսաքաղաքական լծակը՝ հարկայինն ու մաքսայինը: Իր այդ լծակներով նա կարող է ոչ միայն իր հաստատուն տեղն ունենալ այս տասնյակում, ոչ միայն նպաստել  Կարեն Կարապետյանի հաղթանակին, այլև կործանել այդ թիմը: Բավական է՝ հարկային ու մաքսայինը վատ աշխատեն, և Կարեն Կարապետյանից սպասվող բարեփոխումները հօդս կցնդեն: Այսպիսով, նա ոչ միայն շատ ազդեցիկ պաշտոնյա է, այլև Կարապետյանի հաջողության անկյունաքարն է:

 

9. Արա Բաբլոյան

Երկար դադարից հետո հենց այս ԱԺ նախագահին հաջողվեց վերականգնել իր դիրքերը ամենահզորների այս տասնյակում: Նրա իմաստուն և խաղաղ գործելաոճը, նրա ի պաշտոնե երկրի երկրորդ մարդը լինելու հանգամանքը, նրա պահանջկոտ ու խիստ աշխատելաոճը խորհրդարանում և ժողովրդական համակրանք շահելու նրա կարողությունը մեծ առաջընթաց են խոստանում այս տարեց, բայց միևնույն ժամանակ քաղաքականապես խոստումնալից բժշկին: Երկրի առաջնորդ նա չի դառնա, բայց որպես ԱԺ նախագահ դեռ կարող է լուրջ առաջընթաց արձանագրել իշխանական բուրգում:

 

10. Գագիկ Ծառուկյան

Չնայած նրա կիսաընդդիմադիր և իշխանաայլընտրանքային կուսակցությունը բավական պասիվ է, սակայն անսպառ է նրա տնտեսական կարողությունն ու անձնական խարիզման: Խորհրդարանական ընտրություններից հետո նրա և ժողովրդի միջև եղավ փոխադարձ հիասթափություն, բայց դա չնվազեցրեց նրա ազդեցությունը ռեալ պոլիտիկում: Շատերն են սպասում նրա դիրքորոշմանը ապագա վարչապետի ընտրության հարցում: Հենց այդ սպասումը, խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար լինելը, իր ղեկավարման շրջանում օլիմպիական կոմիտեի գրանցած հաջողությունները և նրա աստղաբաշխական հարստությունն ապահովում են նրա կայուն դիրքերը ամենահզորների մեր տասնյակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին