Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Արցախում կյանքեր է փրկում, Ռուսաստանը՝ խլում. «Ժամանակ»

09 Սեպտեմբեր, 2017 09:50
ԱՄՆ-ն Արցախում կյանքեր է փրկում, Ռուսաստանը՝ խլում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան:

Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաեւ ԱՄՆ հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջ խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարեւորագույն աշխատանքը: «Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարեւորությունն անհերքելի է»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:

ԱՄՆ-ի խորհրդարանական այս նախաձեռնությունն ուղղակի կապ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա միջնորդական մանդատի, առաքելության հետ, սակայն ամբողջացնում է Վաշինգտոնի խաղաղարար, հաշտարար գործունեությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Միջնորդական առաքելությունը ենթադրում է ոչ միայն դիվանագիտական ջանքեր, այլ նաեւ գործունեության հումանիտար ասպեկտ, պատերազմի հետեւանքների վերացում, ինչն ամբողջությամբ գիտակցվում է Վաշինգտոնում:

Սրան հակառակ՝ Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ըստ էության, միջնորդական առաքելություն չի իրականացնում՝ փորձելով կառավարել հակամարտությունը, ինչպես դա անում է Արեւելյան Ուկրաինայում: Այդ նպատակով Ռուսաստանը սպառազինում է հակամարտության կողմերին, հատկապես Ադրբեջանին՝ ըստ անհրաժեշտության հող նախապատրաստելով նոր կառավարելի պատերազմի համար, որը ճանապարհ կբացի հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայության համար: Այս նպատակին է ծառայեցվում նաեւ Մոսկվայի դիվանագիտական գործունեությունը Մինսկի խմբում:

Հատկանշական է, որ հենց այն օրը, երբ Վաշինգտոնում քննարկվում է Արցախում կյանքեր փրկելու նախաձեռնությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։ Այս մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը: Այսինքն՝ Մոսկվան մտադիր է շարունակել Ադրբեջանի սպառազինումը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին