Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախկին նախարարի ծովափնյա ֆոտոշարքից մինչև վարչապետ Կարապետյանի «հուպ տալու» կոչեր. Ամառային ամենաքննարկվածների TOP 10

02 Սեպտեմբեր, 2017 19:21
Պաշտպանության նախկին նախարարի ծովափնյա ֆոտոշարքից մինչև վարչապետ Կարապետյանի «հուպ տալու» կոչեր. Ամառային ամենաքննարկվածների TOP 10

 

Չնայած շոգ ամառ էր, բայց քաղաքական իրավիճակը ամեևին էլ թեժ չէր: Այդուհանդերձ, այս տասը մարդուն հաջողվեց ցրել ամառային գաղջը և դառնալ հայ հանրության կողմից ամենաքննարկվածը: Եվ այսպես. 

 

1.Կարեն Կարապետյան

Նա ողջ ամառ քրտնաջան աշխատեց, սակայն մարդիկ ավելի շատ հետաքրքրվեցին ոչ թե նրա հանապազօրյա աշխատանքով, այլ միայն մեկ հիմնական հարցով՝ արդյո՞ք նա կշարունակի վարչապետ աշխատել նաև 2018-ին: Ի հեճուկս մի քանի երիտհանրապետականների ու իշխանամերձ ընդդիմադիրների՝ նա բազմիցս հայտարարեց, որ պատրաստ է դառնալ երկրի առաջնորդը: «Հուպ տալու» կոչերով նա շարունակեց իր գրեթե անհույս պայքարը երկրի տնտեսության աշխուժացման համար՝ գիտակցելով, որ միայն դրա շնորհիվ կունենա երկարատև վարչապետություն:

 

2.Գագիկ Սուրենյան

Ամառային դաժան շոգի դեմ նա անհույս պայքար էր մղում ֆեյսբուքյան հումորային ու սփոփիչ իր գրառումներով: Ոմանք նրան էին մեղադրում ամառվա սաստիկ շոգի համար, իսկ նա էլ փորձում էր գիտականորեն արդարանալ, որ եղանակ կանխատեսողները պատասխանատվություն չեն կրում բնության արհավիրքների համար: Ձեռքի հետ էլ նա մարդկանց բացատրում էր, որ պետք չէ օգտվել արևի տակ եռացող ջերմաչափերի տվյալներից, և որ շոգը պետք է չափել ստվերում նստած, իսկ դրա մասին տեղեկանալ՝ Հայպետհիդրոմետի գիտական բարձունքից:

 

3.Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի վերընտրվող նախագահը դարձավ այս ամառվա ամենասենսացիոն գործիչը՝ հայտարարելով, որ «Պանարմենինան» մեդիախմբի վարողն իր ունեցած 4-5 լրատվամիջոցներով հերթական ինտրիգներն է ծավալել՝ այս անգամ փաստաբանական համայնքի դեմ: Վերջին տարիներին շատ ավելի հզոր գործիչներ են եղել այս թուլացող ու փոքրացող լրատվական մեքենայի թիրախում, բայց նրանցից միայն եզակիներն են համարձակություն ունեցել համարժեք հակահարված տալ: Փաստաբանների պալատի նախագահը ոչ միայն հրապարակայնորեն ապտակեց այդ մեքենային, այլև կարողացավ ապացուցել, որ մի քանի հասցեական նախադասություններով այսօր արդեն կարելի է հեշտորեն սանձել ու լռեցնել դրան:

 

4.Դավիթ Տոնոյան

Հրդեհ հրդեհի հետևից, և ահա նա ամենաքննարկված մարդկանց տասնյակում է: Նրա լրատվական փառքն այս ամառ նախանձելիներից չէր: Նրա նախարարությանը երկար օրեր չէր հաջողվում հանգցնել Խոսրովի անտառի հրդեհը, և նա ստիպված դիմեց Ռուսաստանի մեծ եղբայրներին, որ գան ու իրենց ինքնաթիռով փրկեն Հայաստանի բազմադարյա անտառը: Քիչ էր այս ամենը, և ահա մի նոր արտակարգ իրավիճակ՝ արդեն «Նաիրիտ» գործարանում, որտեղ էլ Հայաստանի թիվ մեկ հրշեջին փրկեց քամին՝ Թուրքիա տանելով «Նաիրիտի» անմար կրակի շատ անվնաս ծուխը:

5.Արթուր Ալեքսանյան

Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող ասել, որ հայ ազգի միակ պարծանքը Հենրիխ Մխիթարյանն է: Այս ամառ ազգի հազվագյուտ ուրախությունների շարքը համալրեց Գյումրվա սպիտակ արջը, որը դարձյալ նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս անգամ հայ ազգին ոգևորեց նաև մեկ այլ ոսկե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը: Երկու չեմպիոններին էլ փառքով ու պատվով ընդունեցին ՀԱՕԿ նախագահն ու երկրի նախագահը, բայց մարդիկ առավել շատ դիտեցին ու տարածեցին հենց օլիմպիական չեմպիոնի հաղթանակի կադրերը:

 

6. Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն իր այդ պաշտոնը թողնելուց առաջ որոշեց դառը համ թողնել հայ հանրության տխուր առօրյայում:  Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը շարունակում է մնալ ներկայիս բանակցությունների հիմնական մեխերից մեկը: Չնայած Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հոգլանդը որոշակիորեն աղավաղել է խնդրի կարգավորման բանաձևը, չնայած երկրի նախագահը հայտարարեց, որ Հոգլանդի ասածի մեջ ոչ մի նոր բան չկա, այնուամենայնիվ հանրությունը նորովի քննարկեց Ղարաբաղի հարցի կարգավորումն ու դարձյալ տխրեց դրա ներկայիս վիճակից:

 

7. Ռուզաննա Խաչատրյան

Ողջ ամառ հայ հանրության ունևոր զանգվածը խեղդամահ արեց Ֆեյսբուքը՝ այնտեղ զետեղելով իրենց ընտանեկան ծովային հանգստի լուսանկարները: Ծովափնյա լուսանկարների այդ հորձանուտը եզրափակեց իր ֆոտոսեսիաներով ամենահայտնի տիկինը, ով հրապարակեց պաշտպանության նախկին նախարար և ընդդիմության նախկին առաջնորդ իր ամուսնու հետ մի նոր զարմանահրաշ ֆոտոշարք: Մի խոսքով, իշխանավորներն ու ընդդիմադիրները հանգստանում են օտար ափերում, իսկ շոգած, հրդեհված ու ծխահարված ժողովուրդն ըմբոշխնում է նրանց ծովափնյա հանգիստը:

 

8. Հրանտ Բագրատյան

Հայտնի լեզվաբանը Բագրատյանին համեմատեց Հերոստրատի հետ, ով իր մասին հիշեցնելու համար այրեց աշխարհի հրաշալիքներից մեկը, իսկ մոռացվող ընդդիմադիր Բագրատյանը որոշեց ողջակիզել մայրենի լեզուն: Բագրատյանի ասածների մեջ, իհարկե, կար ռացիոնալը, սակայն նրա ծայրահեղ պրովոկացիոն հարձակումը հայոց լեզվի վրա առանձնապես օգտակար չէր մայրենի լեզվի զարգացմանը, բայց օգնեց Բագրատյանին գոնե կարճաժամկետ հայտնվել այս տասնյակում:

 

9.Ռուզաննա Մկրտչյան

Նա հայտնի դարձավ, երբ հայտնեցին, որ մարզպետի խորհրդականի այս տանջված կինը կացնով սպանել է իր ամուսնուն: Հայկական այս սենսացիոն տրիլլերը դարձավ էլ ավելի քննարկված, երբ պարզվեց, որ ամուսնուն կացնահարած կինը տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության: Մարդիկ քննարկեցին, թե արդյո՞ք կարելի էր սպանել նույնիսկ այդպիսի ամուսնուն, և ոչ մեկ չասաց, որ կնոջ կողմից այդպիսի դաժան հակահարված հասցնելու մեղավորը հայ հանրությունն է, ով տարիներ շարունակ հրաժարվում է լուրջ ընդունել ընտանեկան բռնության ցավոտ խնդիրը՝ համարելով, որ այն Հայաստանում գոյություն չունի:

 

10.Վահագն Սիմոնյան (Պոնչո)

Պահմտոցի հաղորդման այս դերասանը դարձավ շատ ճանաչված, երբ հայտարարեց, որ իր որդիները պատանդ են վերցված «Ջամբո» կենդանաբանական այգու տիրոջ կողմից: Շատ արագ պարզվեց, որ երեխաներին ո՛չ առևանգել էին, ո՛չ էլ պատանդ վերցրել, վերջում էլ պարզվեց, որ Պոնչոն հայհոյել է իր իսկ որդիներին: Սովորական ընտանեկան վեճը կնոջ, իր նախկին ամուսնու և ներկա ամուսնու միջև դաժանաբար վնասեց մանկահասակ երեխաներին՝ նրանց դեմքերն ու կյանքը ի ցույց դնելով ողջ հասարակության առաջ:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին