Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր սուրճի մասին

24 Օգոստոս, 2017 00:33
Հետաքրքիր փաստեր սուրճի մասին

AdMe.ru կայքը ներկայացրել է 7 պատճառ ավելի շատ սուրճ խմելու համար:

Սորճը բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Գաղտնիք չէ, որ սուրճն օգնում է հեշտ կենտրոնանալ և արագացնում է մարդու ռեակցիաները: Սակայն հարկ է հիշել, որ նման դրական արդյունքի համար սուրճը պետք է անպայման շաքար պարունակի, քանի որ հենց կոֆեինի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում գլխուղեղի անհրաժեշտ հատվածները: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի խմել սուրճը դատարկ ստամոքսին, քանի որ այդ դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում:

Բարձրացնում է զարկերակային ճնշումը

Մի բաժակ սուրճը կօգնի պայքարել հոպոտոնիայի (զարկերակային ցածր ճնշում) դեմ: Սակայն այն հակացուցված է այն հիվանդներին, որոնց մոտ սուրճի հետևանքով արագանում է անոթազարկը և նկատվում է տախիկարդիա: Արյան գերճնշումից տառապողներին սուրճ խմելու սովորությունը նույնպես չի վնասի, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է ըմպելիքին և դադարում է արձագանքել ճնշման բարձրացմամբ:

Ամրապնդում է իմունային համակարգը

Գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ օրական որքան շատ սուրճ է խմում մարդը, այնքան ցածր է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական երեք բաժակ սուրճն է: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ ակտիվացնելով ու առողջացնելով այն: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան, իսկ քիմիական բաղադրիչները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա:

Մեղմում է գլխացավերը

Բնական սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կօգնի բուժել գլխացավն ու միգրենը: Սակայն սա ոչ մի դեպքում չի կարող լինել ցավազրկողներին լիարժեք փոխարինող միջոց: Ցավազրկող միջոցները շատ արդյունավետ են, քանի որ դրանց բաղադրությանը հաճախ ավելացվում է կոֆեին, որն ուժեղացնում է դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների ազդեցությունը 40%-ով:

 

Հակասթրեսային միջոց է ու հակադեպրեսանտ

Շնորհիվ դոֆամինի ու սերոտոնինի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից: Ընդամենը մի բաժակ սուրճը կամ նույնիսկ դրա բույրը կօգնի արագ կողմնորոշվել ու չհուսահատվել սթրեսային իրավիճակներում: Բացի այդ, կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենատարածված միջոցն է, իսկ այդ խթանումն օգնում է խուսափել դեպրեսիաներից: Սակայն նման ազդեցությամբ օժտված է միայն սուրճի մեջ պարունակվող կոֆեինը: Թեյի, գազավորված ըմպելիքների կամ շոկոլադի մեջ պարունակվող կոֆեինը նման ազդեցությունը չի ունենում:

Բարելավում է հիշողությունը

Նույն խթանիչներն ու նեյրոտրանսմիտերները, որոնց շնորհիվ սուրճը բարելավում է տրամադրությունն ու բարձրացնում աշխատունակությունը, օգնում են բարելավել նաև հիշողությունը: Սակայն սա վերաբերում է միայն կարճատև հիշողությանը և միայն մեկ ժամ հետո բարենպաստ պայմանների դեպքում ստացած տեղեկատվությունը պահպանվում է երկարատև հիշողության մեջ:

Նվազեցնում է քաշը

Սուրճն իսկապես կարող է պահպանել քաշը կամ նպաստել դրա նվազմանը: Օրգանիզմում լիպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման ու քաշի ավելացման, իսկ կոֆեինը բարձրացնում է օրգանիզմում լիպտինի մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճի սիրահարներն ավելի դանդաղ են ավելորդ քաշ կուտակում, իսկ մարզումները նրանց համար ավելի արդյունավետ են լինում:

Բոնուս

Սառը սրճային ըմպելիքների բաղադրատոմսերը բազմաթիվ են: Դրանց շարքում կան այնպիսինները, որոնք շատ պարզ են, սակայն անչափ համեղ ու օգտակար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մեկը.

·        Հարկավոր է պատրաստել սիրելի սուրճը և թողնել, որ սառի:

·        Այնուհետև լցնել սուրճը սառույցի կաղապարների մեջ և դնել սառցարան:

·        Շոգ օրերին կարելի է պարզապես սառած սուրճի մի քանի կտորն ավելացնել կաթին և վայելել պարզ ու համեղ կաթնային կոկտեյլը:

 

Լրահոս

Դիտել ավելին