Կարևոր իրադարձություններ

ԵՄ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներով

23 Օգոստոս, 2017 19:00
ԵՄ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը՝ հատկապես էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով:

ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից եւ նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաեւ, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:

«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական եւ դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը եւ Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի եւ Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը, որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։ Մասնավորապես ներկայացված են «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար եւ վստահեցրել, որ հետեւողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Զրուցակցները մտքեր են փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, Էներգետիկ համայնքի հետ համագործակցության եւ Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել 2017 թվականի նոյեմբերին Երեւանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին