Կարևոր իրադարձություններ

Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո

23 Օգոստոս, 2017 18:38
Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի մարզային այցելությունները շարունակվում են: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կոմիտեի նախագահն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արագածոտն» և «Թալին» ՋՕԸ-եր, ինչպես նաև՝ հայ-թուրքական սահման՝ Ախուրյան գետի ջրբաժան կետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:  «Տարին սակավաջուր էր, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մարզերում: Շատ տեղերում երաշտային է: Աննախադեպ շոգի ու ջրամբարների թերլցվածության պայմաններում աշխատանքը կրկնակի բարդանում է, այդ իսկ պատճառով ստիպված էինք անցնել ջրաշրջանառության ռեժիմի»,- ասել է Արսեն Հարությունյանը:

Ըստ նրա՝ ոռոգման շրջանին զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուներն սկսել են նաև գարնան նախապատրաստական աշխատանքները, որոնք ամբողջական թափով կմեկնարկեն հոկտեմբերին՝  ոռոգման շրջանի ավարտից անմիջապես հետո.«Մեր այցելությունների նպատակը ոչ միայն ընթացիկ աշխատանքներին հետևելն է, խնդիրները գույքագրելը, դրանք տեղում տեսնելը, այլև հաջորդ տարի նմանատիպ խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ լուծումներ գտնելը: Արդեն իսկ վեր  ենք հանել մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում»,- նշել է նա:

ՋՏՊԿ նախագահը հավելել  է, որ առաջին հերթին իրականացվելու են սելավատարերի մաքրման աշխատանքներ, որոնք, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարի մի զգալի հատված արդեն մաքրվել է հավաքված տիղմից և քարերից, մյուս հատվածներում՝ 12, 17 և 14 կմ երկարությամբ, աշխատանքները շարունակվում են առ այսօր: Բացի այդ, առաջիկա անելիքներից կլինի նաև Ազատի ջրամբարի անսարք ջրարգելակների վերանորոգումը, որը թույլ կտա խուսափել զգալի ջրակորուստից:

 

Լրահոս

Դիտել ավելին