Կարևոր իրադարձություններ

«ՀԺ». Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում

22 Օգոստոս, 2017 09:15
«ՀԺ». Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ:

«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասաց նա։

Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաև ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից:

Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ  ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանևրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար:

Կան նաև կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, և հարցը կլուծվի` այդպես էլ որևէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:

Նման մտահոգություն իսկապես կա, և դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵԱՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար:

Եթե ՀՀ իշխանությունները այս գործընթացում մանևրելու, Հայաստանի շահը առաջ մղելու և օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին