Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Պոնչոն, Ջամբոն և Բագրատյանը»

21 Օգոստոս, 2017 13:40
Հեղինակ՝ Նիկոլայ Գրիգորյան
«Պոնչոն, Ջամբոն և Բագրատյանը»

Էս շոգը մի կողմից, հրո ճարակ Խոսրովը մի կողմից, էդ՝ անինքնասեր ու աներեխասեր, իրենց լրատվամիջոցների ծամոն դարձրած պոնչոն ու ջամբոն մյուս կողմից, Թուրքիան էլ ԵՏՄ-ի կողմից, հերիք չէին, մեկ էլ ըհը ձմեռը, ազնիվ խոսք, չգիտեմ ինչու ամռանը, փռեց իրա թևերը՝ նախկին վարչապետ, պատգամավոր,տնտեսագետ, Հայաստանի հույս Հրանտ Բագրատյանը, առանց որևէ տեղեկատվական առիթի, ծագած կարիքի, չսպասված հյուրի նման, եկավ կանգնեց արենայի կենտրոնում, իր իմացած լեզուները կախ տվեց մեր բաց նյարդերի լարերից, չյուրացրած համեմատություններն ու փաստատվյալները դրեց ոտքերի տակ, ամենագետի ծիրանին բաղնիքի խալաթի պես փաթաթեց վրան ու հայտարարեց…

Ազնիվ խոսք, չեմ հասկանում՝ ինչու, չեմ հասկանում՝ ում և ինչ էր ուզում ապացուցել: Նեղ, մտերմիկ, մասնագիտական միջավայրում քննարկեր, ասենք, որոշ տեխնիկական, նորահայտ տերմինների հայերեն համարժեքների սակավությունը կամ ընթեռնելիության բարդությունը, հարցեր չէին ծագի, ընդհակառակը՝ գրագետ, մտահոգ, աշխարհ տեսած լայնախոհ հայ մարդը սրտացավ բանիմացներին հրավիրում է ցավոտ հարց քննարկելու. ովքեր, ինչպես և ինչ անեն, որ պատմության քառուղիներով, քարքարուտներով, արյան ու վշտի, ցավի, մաքառումների ու լավատեսության, գիտելիքի ու փորձառության միջով անցած արմատաբնաճյուղային մեր հիշողությունը, պատմությունը, ինքնությունը, էությունը, լինելիությունը՝ մեր հայոց լեզուն, որ աշխարհի հնագույն ու հարուստ լեզուներից է / լեզվի հարստության չափորոշիչներից մեկն էլ օտար բառեր յուրացնելու նրա ունակություն-կարողությունն է, իր լեզվի օրենքներին ենթարկելը/, առավել մրցունակ դարձնենք նոր մարտահրավերներին ընդառաջ. քաղաքագիտություն, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն… Իսկ նա վերցրեց ու ցավացրեց, դրա համար շատ եղան վախ ասողները: Վիլյամ Սարոյանից մեկը հարցազրույց է վերցնում, ասում է՝ ցավոտ տեղիս կպար, բայց ցավերն այնքան շատ են, որտեղիս էլ կպնեիր, պիտի ցավեր:

1976 թվականին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մեր կուրսում ալամաշխարհային ոգևորություն էր: ՄԱԿ-ի ամենաբարձր ատյաններում քննարկվում էր միջազգային մեկ լեզու սահմանելու հարցը: Անցել էին երկուսը, որից մեկը հայերենն էր: Հիշում եմ մեր՝ առաջին կուրսեցիներիս, հրճվանքը, անվերջ քննարկումներն ու դերաբաշխումը. ով աշխարհի որ անկյունում ոնց հայերեն կդասավանդի: Եվ ամենաակտիվը մեր կուրսեցի երկու մոնղոլուհիներ էին և մեկ եթովպիացի, ովքեր Հայաստան էին եկել հատուկ ծրագրով հայոց լեզու/ մասնավորապես՝գրաբար ու միջին հայերեն/ ուսումնասիրելու: Որովհետև իրենց անհրաժեշտ շատ գրականություն, նյութեր ու փաստեր միայն հայերեն էին, և պետությունները նպատակային ծրագրեր էին և են իրականացնում, հայերենի ուսումնասիրման և յուրացման ճանապարհով իրենց ճանաչելու և շատ բան բացահայտելու ուղղությամբ: Հետո առիթ լինի կպատմեմ հպարտությունից շունչս կտրող հետաքրքիր հանդիպումների ու բացահայտումների մասին՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Մակեդոնիայում, մեր Մատենադարանում, այլուր: Լավ, միայն մի դրվագ ներկայացնեմ Վենետիկից: 2012թ.Վենետիկ, դոժերի պալատ, Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի հերթական նստաշրջան՝ աղետներն ու մշակութային ժառանգությունը: Պալատի դեմ հանդիման շենքի ճակատին ցուցապաստառ՝ Արմենիա, ցուցահանդես նվիրված հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյակին: Գործընկերներիս՝ եվրոպական բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուշադրությունը հրավիրեցի պաստառի վրա ու փոքրիկ տեղեկատվություն ներկայացրեցի հայ գրի, տպագիր գրի, Մխիթարյան միաբանության, հայ-վենետիկյան կապերի վերաբերյալ, երբ ինձ ընդհատեց Վենետիկի քաղաքապետը՝ ախ դուք հայ եք, Հայաստանից եք, շատ ուրախ եմ, չեք պատկերացնում ինչքան կուրախանա իմ մորաքույրը, սպասեք, խնդրում եմ, հենց հիմա ես նրան այստեղ կհրավիրեմ, դիմացի հայկական ցուցասրահում է: Կարող է՝ հայ է, չզարմացա ես: Չէ, չէ զտարյուն իտալուհի է, բայց լավ խոսում է հայերեն: Հինգ րոպե անց հևասպառ, քաղաքապետը վաթսունն անց էր, պալատի երկրորդ հարկ հասավ շատ առաջացած տարիքի մի չորուկ տատիկ: Դոժ, դուքս, արիստոկրատիա, վեհություն, այս բոլոր բառերը նրա աչքերի փայլի ներքո դեմքի խոր կնճիռների ակոսներով իջնում էին ու տեղավորվում ձեռքի փոքրիկ պայուսակի մեջ: Հայերեն ողջունելուց ու լսարանի կազմը գնահատելուց հետո, ասես այդ շենքում ծնված, մեծացած ու այդտեղից երբեք դուրս չեկած ծեր իտալուհին աղջկական ոգևորությամբ պատմում էր հայերի, հայ մշակույթի, հայոց լեզվի մասին, ամեն հայկականի նկատմամբ իր սիրո մասին: Մեր խորհրդաժողովի ընդմիջումը վաղուց ավարտվել էր, բայց բոլորը կախարդված նրան էին լսում: Իսկ ես, հպարտությունից կուրծքս այնքան էր ուռել, արդեն երկինք էի հասել, ու վերևից միայն Մուրադ-Ռաֆայելյանն էր երևում, սուրբ Ղազար կղզին ու Մխիթարյանների պատին փորագրված Բայրոնի հուշատախտակը:

Պարոն Բագրատյան ջան, կարծիք ունես, որ աղքատ է մեր լեզուն, մտքերդ շատ են, վառվռուն, գունեղ, անսանձ ու ծայրահեղ համաշխարհային, որ լավագույնս հանդերձավորվում են օտար լեզուներով, իսկ հայերեն բառերը քիչ են, դժգույն, դանդալոշ, անարտահայտիչ, երկարաշունչ…էհ, զարգացրու, հարստացրու, նոր բառեր ու կապակցություններ կերտի: Հայերենի փորձագետներն ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում դա են խոստովանում. Հայերենը ճոխ ու ճկուն, նորարության համար բաց լեզու Է:
Իմ անձնական փորձից երկու օրինակ բերեմ: 1990 թվականին նշանակվեցի ՀԽՍՀ ՆԳՆ շտաբում՝ լրատվության պատասխանատու: Մեծ փոփոխությունների շրջան էր, իսկ ՆԳՆ ամբողջ գրագրությունը ռուսերեն էր, հաշվետվությունները, նամակները, ամբողջ շտաբը ռուսական կրթությամբ մարդիկ էին: Մեկ տարուց ավելի գնդապետ Արա Մովսիսյանի հետ/ հիմա 02-ում է/ բացի հաղորդումներ ու հաղորդագրություններ պատրաստելուց, հայացնում էինք ոստիկանական ամբողջ բառամթերքը, որն առնչվում էր նաև դատախազությանն ու դատարաններին: Նույնիսկ բոլորովին նոր բառեր ու բառակապակցություններ ստեղծվեցին:
Նույնը, բայց ավելի երկարատև ու ընդգրկուն, կատարվեց արտակարգ իրավիճակների վարչություն-նախարարությունում: Լեզվի տեսչության աշխատակիցների հոգին հանել եմ, մանավանդ իմ համակուրսեցի Մարինե Հովյանի: Օգտվելով առիթից շնորհավորում եմ նրան իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ և ցանկանում, որ Լեզվի տեսչությունը ոչ միայն տեսչություն անի, այլև համակարգի ու առաջնորդի հայոց լեզվի զարգացումն ու այժմեականացումը, ըստ ոլորտների՝ արդիականացումը, լեզվամտածողության հարստացումն ու թարմացումը, թարգմանական գրականության հովանավորությունը, հայերենի անաղարտությունը: Հայերենի ուսուցումը դպրոցի ու ԲՈՒՀ-ի սրբազան պարտքն է, բայց մեզնից յուրաքանչյուրը մեր ոլորտում պարտավոր ենք պահպանել ու զարգացնել մեր մայրենին՝ անճառ, անզանգ, անմուննաթ, դեպի ապագան ուղղված հետադարձ հայացքով:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին