Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահության քննվեց քաղաքացի Ա. Ղավալյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նախաքննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ղավալյանը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին
նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ ընկերոջ` Ր. Աշուղյանի հորաքրոջ` Հ.Աշուղյանի հետ տեղեկացել է, որ նա տանը գտնվում է միայնակ և նույն օրը ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, մուտք է գործել Աշուղյաններին պատկանող` Լոռու մարզի առանձնատներից մեկն ու փորձել է սեռական հարաբարերություն ունենալ Հ. Աշուղյանի հետ, սակայն վերջինս լինելով բարոյապես կայուն կին, ամեն գնով դիմադրել է Ա. Ղավալյանին, ձեռքի տակ ընկած առարկաններով հարվածել նրան` դիմել է անհրաժեշտ պաշտպանության: Սակայն Ա. Ղավալյանն օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, շարունակել է բռնի գործողությունները և օգտվելով Հ. Աշուղյանի անօգնական վիճակից, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Նշված հանցագործությունները թաքցնելու համար, կյանքից զրկելու դիտավորությամբ սուր, կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հ. Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան:
Սպանությունն իրագործելուց հետո Ա. Ղավալյանը հասկացել է, որ իրեն տեսել են Ր.Աշուղյանն ու Դ. Հակոբյանը, գիտակցել է, որ բացի տան մուտքի դռնից այլ կերպ չի կարող ճողոպրել, տնից վերցնելով թվով 2 խոհանոցային դանակ, կիսամերկ վիճակում, մուտքի դռնով դուրս է եկել դանակը նետելով Ր. Աշուղյանի ուղղությամբ, ցանկացել է դիմել փախուստի, բայց հանդիպելով վերջինիս կողմից փախուստը կանխելու խոչընդոտին, ձեռքին առկա մյուս` խոհանոցային դանակով, Ր. Աշուղյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` անհրաժեշտ պաշտպանության դիմած Ր. Աշուղյանի կողմից գրպանի սեփական դանակի գործադրմամբ նրան 2-3 անգամ հարվածելու միջոցով հարձակումը հետ մղելու պատճառով:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա. Ղավալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական կարգավիճակից հրաժարվել է ցուցմունք տալ: Նախաքննության ժամանակ պատմել է, որ Ր. Աշուղյանենց տուն մտնելիս միշտ հանել է կոշիկները և թողել մուտքի դռան մոտ: Չի հավատում, որ ինքը կարող էր մարդ սպանել, իրականում եթե կատարել է այն արարքները, որոնցում կասկածվում է, կատարել է չգիտակցված` ալկոհոլի ազդեցության տակ, քանի որ ինքը ոչ Ր.-ին և ոչ էլ նրա հորաքրոջը վատը չէր ցանկանա: Ր.-ի հորաքրոջ նկատմամբ սեռական ցանկություն չի ունեցել, քանի որ նա իր մոր տարիքի հիվանդ անձնավորություն էր:
Ր. Աշուղյանի ցուցմունքի համաձայն՝ Ա. Ղավալյանին ճանաչել է, որպես հանգիստ բնավորության տեր անձնավորություն, սակայն խմած ժամանակ նա դարձել է անկառավարելի, և դյուրագրգիռ: Հարբած ժամանակ նա առաջարկել է գնալ մարմնավաճառների մոտ, սակայն ինքը խուսափելով մարմնավաճառներից, նրան մերժել է: Իրենց տանը եղած ժամանակ Ա. Ղավալյանի վարքում վատ բան չի նկատել, չի տեսել, որ իր հորաքրոջը վատ նայի, չնայած, որ հորաքույրը իրեն ասել է, որ Ա.-ն իր նկատմամբ լկտի նայվածք ունի: Ինքը սակայն նրա ասածին լուրջ չի վերաբերվել, մտածելով, որ Ա.-ի նայվածքը բնականորեն այդպիսին է:
Ր.Աշուղկանը Ժամը 22-ի սահմաններում միայնակ գնացել է իրենց տուն, տեսել է, որ բակի դարպասները ներսից փակված են, ինչը սովորաբար բաց է լինում: Քանի որ դարպասը ներսից փակված է եղել, ստիպված իրենց բակ է մտել հարևանությամբ բնակվող իր հորեղբոր առանձնատան բակով: Տան մուտքի մոտ` աստիճանահարթակի վրա, տեսել է նաև տղամարդու կոշիկներ, իսկ տան մուտքի դուռը բաց վիճակում է: Կասկածել է, որ տուն գող է մտել, գնացել և այդ մասին ասել է հորեղբոր կնոջը, հարևաններին ու ընկերոջը:
Վերցրել է առանձնատան բակի սեղանի վրա դրված ծալովի դանակը, մոտեցել է տան մուտքի աստիճանահարթակին: Լուսամուտից նայել ու հեռուստացույցի լույսի տակ ճանաչել է Ա. Ղավալյանին: Հասկանալով, որ Ղավալյանը հանցավոր նպատակով է գնացել իրենց բնակարան, զայրացած նրան ձայն է տվել և պահանջել դուրս գալ տնից:
60-ամյա Աշուղյանի դիակի սեռական օրգաններից վերցված քսուկներում հայտնաբերվել է սերմնահեղուկ, որը վկայում է, որ Հ. Աշուղյանը մահից որոշ ժամանակ առաջ ունեցել է սեռական հարաբերություն: Բացի այդ մարմնի տարբեր հատվածներում եղել են սուր-կտրող գործիքով կատարված պատռվածքներ, ճանկելու հետքեր:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Ղավալյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության, սպանության փորձի, բռնաբարության, բռնի սեքսուալ գործողությունների և այլ հանցագործությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին, 139 հոդվածի 1-ին մասերով, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 183 հոդվածի 1-ին մասով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ ամբաստանյալ Ա. Ղավալյանը մեղավոր է ճանաչվել: Դատարանը որոշել է Ղավալյանին դատապարտել 20 տարի ժամկետով: