Կարևոր իրադարձություններ

«Տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ թուրք զինվորականների մոտեցումները զարմացրել են Իրանի ԶՈւ ԳՇ պետին»

18 Օգոստոս, 2017 18:04
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ թուրք զինվորականների մոտեցումները զարմացրել են Իրանի ԶՈւ ԳՇ պետին»


Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Թուրքիա կատարած եռօրյա այցն ավարտվել է: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո սա ԳՇ պետի մակարդակով առաջին այցն էր Թուրքիա, որին ուղեկցում էին ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարը, սահմանապահ ծառայության հրամանատարը, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Իրանի ԶՈւ ԳՇ պետն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի, բանակի շտաբի պետի, պաշտպանության նախարարի, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի հետ, այնուհետև այցելել է Ստամբուլի Սուլթանահմեդ մզիթ:
Ինչպես և կանխատեսվում էր, իրանցի բարձրաստիճան զինվորականը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է սահմանային անվտանգությանը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, քրդական խնդրին, ինչպես նաև Իրաքյան Քրդստանում սպասվելիք հանրաքվեին առնչվող հարցեր: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ խոստացել է, որ առաջիկայում կայցելի Իրան:
«Մենք թուրք պաշտոնատար անձանց հետ մտքեր փոխանակեցինք առ այն, որ գերտերությունների ներկայությունը բացասաբար է ազդում տարածաշրջանում անվտանգության միջավայրի վրա: Ինձ համար հետաքրքիր էր, որ այս տեսակետն ունենին նաև թուրքերը, որոնք պնդում էին, թե անվտանգության և ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը կարող է լուծել առկա խնդիրները»,-հավելել է գեներալ Բաղերին:
Ինչևէ, առաջիկայում Սիրիայում տեղի ունենալիք զարգացումների նկատմամբ Իրանի և Թուրքիայի մոտեցումները ցույց կտան, թե կողմերն ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերել: 
Հետաքրքրական է, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Անկարայում գտնվելու օրերին լուրեր շրջանառվեցին, համաձայն որոնց՝ առաջիկայում Թուրքիա են այցելելու նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ԳՇ պետերը:

 

Լրահոս

Դիտել ավելին