Կարևոր իրադարձություններ

«Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրե՞ք». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը. ՀԺ

17 Օգոստոս, 2017 11:12
«Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրե՞ք». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր և այլն:

Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատև հանգստի, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, «կարճատև հանգստից» իսկապես կարճատև է: Սարգսյանն, օրինակ, արձակուրդ մեկնեց հուլիսի 24-ին, վերադարձավ օգոստոսի 14-ին, այդ ընթացքում երկու օրով ընդհատելով այն Իրանի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու համար:

Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչև 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝  նշելու իր ծննդյան տարեդարձը:

Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաև կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլև կատարվածից մտահոգվելու որևէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց և այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին