Կարևոր իրադարձություններ

Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը

16 Օգոստոս, 2017 22:15
Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մարքազի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետարանի շինարարական հարցերով փոխկառավարիչ Ազիզ Ֆայլիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են Դելիջան գավառի , Մարքազի նահանգի ներկայացուցիչներ, մեկ տասնյակից ավելի գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում քարի,պոլիէսթերի, մանրաթելերի, գորգերի, չիփսերի, ջրամեկուսացման, ջերմոցային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև «Ալոե Վերա» ըմպելիքների և  « Փարս Ալյումինիում» գործարանների տնօրենները:

Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է նման ներկայացուցչական պատվիարկության այցը Հայաստան: «Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունների մակարդակում մենք կարևորում ենք նաև տնտեսական համագործակցության ակտիվացումը և նոր որակի շփումներին անցումը: Հիմա մենք կանգնած ենք նոր իրողության առաջ՝ դա հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծն է, որը, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտա մուտք գործել իրանական շուկա, մյուս կողմից Իրանի տնտեսվարողների համար ԵԱՏՄ և եվրպական շուկաներ մուտք գործելու հնարավորություն կստեղծի»,-ասել է փոխնախարարը:

Վ. Տերտերյանը դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության մակարդակը, նշելով, որ Սյունիքի, Արմավիրի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի և ԻԻՀ Գիլանի, Ատրպատականի, Կենտրոնական, Խոյ նահանգների միջև ակտիվ համագործակցություն և փոխշփումներ են ծավալվում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի ապակենտրոնացված այս համագործակցության ակտիվացման և ընդլայնման ուղղությամբ:

Վաչե Տերտերյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ներուժը և ներդրումային հնարավորությունները: «Հայաստանում ներկայումս ներդրումներ կատարելու համար բավականին բարենպաստ միջավայր է ստեղծված, իսկ կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել ցանկացած իրատեսական ծրագրի», -ընդգծել է Վ. Տերտերյանը՝ մատնացույց անելով մարզերում զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Պատվիարկության ղեկավար Ազիզ Ֆայլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ԻԻՀ նահանգների հնարավորությունները՝ որպես տնտեսական շուկաներ:

ԻԻՀ պաշտոնյան կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նշելով, որ հայ-իրանական համագործակցության խթանմանը նպաստել են նաև վերջին քայլերը՝ ուղղված վիզային ռեժիմի չեղարկմանը, ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: Այս մասին տեղեկացնում է ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին