Կարևոր իրադարձություններ

Էրդողանի խոսնակը մեկնաբանել է. «Հանրապետություն» բառն ավելորդություն էր»

16 Օգոստոս, 2017 17:41
Էրդողանի խոսնակը մեկնաբանել է. «Հանրապետություն» բառն ավելորդություն էր»

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: Թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որևէ տարօրինակ բան չկա:

Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է  հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:

«Ջևդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Օզալը, Դեմիրելը, Սեզերը, պարոն Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը: Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը», - ասել է Քալընը: Նրա խոսքով՝ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի անունից 2014թ.-ից հետո ուղարկված բոլոր հրավիրատոմսերում ևս օգտագործվել է «Թուրքիայի նախագահ» ձևակերպումը:

Խոսնակը հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են նաև Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK), և ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Cumhurbaşkanı) արտահայտության մեջ «Cumhuriyet» և «Cumhurbaşkanı» բառերն ըստ էության կրկնաբանություն են և քերականական տեսակետից «Cumhuriyet»-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:

Հավելենք, որ «Cumhurbaşkanı» բառն իրականում նշանակում է  ոչ թե պարզապես նախագահ, այլ հենց «հանրապետության նախագահ» և Քալընի մեկնաբանություններն այս առումով բավականին տրամաբանական են. «Türkiye Cumhuriyeti Cumhurbaşkanı» արտահայտությունը բառացի թարգմանելիս կստացվի  «Թուրքիայի Հանրապետության հանրապետության նախագահ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Աս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին