Կարևոր իրադարձություններ

Սիրիական ռազմական քարտեզում Թուրքիայի Հաթայ նահանգը ներկայացվել է Սիրիայի կազմում

16 Օգոստոս, 2017 12:47
Սիրիական ռազմական քարտեզում Թուրքիայի Հաթայ նահանգը ներկայացվել է Սիրիայի կազմում

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմած քարտեզում ներկայիս Թուրքիայի Հաթայի նահանգը ներառված է Սիրիայի տարածքում: Սիրիական «Sana» լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ով զինվորականներին ինչ-որ բաներ է ցույց տալիս այդ քարտեզի վրա:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական գործակալության՝ օգոստոսի 15-ին հրապարակված լուսանկարից երևում է, որ Սիրիայի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Ալի Աբդուլլահ Էյուփը այցելել է օգոստոսի 13-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրած Ալ-Սուխնա քաղաք և հանդիպել քաղաքն ազատագրած զինվորականների հետ:

Քննարկման ժամանակ սեղանին դրված ռազմական քարտեզի վրա երևում է, որ Թուրքիայի Հաթայը նահանգը (նախկին Ալեքսանդրետի սանջակ) ներառված է Սիրիայի կազմում: Քարտեզում Հաթայը (Ալեքսանդրետ) ներկայացվում է, որպես Սիրիայի կազմում գտնվող ինքնավար մարզ:

Թուրքական աղբյուրը սադրիչ է անվանել այս քայլը՝ միաժամանակ հիշեցնելով, որ առաջին անգամը չէ, որ սիրիական քարտեզներում ներառվում են Թուրքիայի Հաթայ նահանգը, որը 1939 թվականին կցվել է Թուրքիային:

1939 թվականից սկսած Սիրիայի բոլոր պաշտոնական քարտեզներում Հաթայը ներկայացվում է որպես Սիրիայի տարածքի մի մաս:

Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայ նահանգը)։

Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին այն օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

 

Լրահոս

Դիտել ավելին