2016թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի և նրա մանկահասակ երեխաների մահվան գործի վարույթը կասեցվել է:
Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման` այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից` հավելելով՝ նկատի ունենալով, որ մի շարք հարցեր լիարժեք պարզաբանված չեն, մասնավորապես ողբերգական այդ դեպքի պատճառները, շարժառիթը պարզ չէ՝ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը Մարինե Հովհաննիսյանը հայտնաբերվել էր բնակելի շենքի շքամուտքում կախված, իսկ տանը՝ նրա մանկահասակ երեխաների դիերը՝ մահճակալին:
Նախնական վարկածով երեխաներին խեղդամահ էր արել նրանց մայրը, ապա ինքնասպան եղել։
Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությամբ հիմնավորվել է, որ 5 և 6 տարեկան երեխաները մահացել են մեխանիկական շնչահեղձության հետևանքով:
Ըստ դատաբժիշկների՝ մեխանիկական շնչահեղձությունն առաջացել է պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկաներով՝ վերին շնչուղիների լուսանցքների անցանելիության խանգարմամբ ճնշման, պարանոցի շրջանի քերծվածքների և ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղումների հետևանքով:
Երեխաների պարանոցների վրա հայտնաբերվել են քերծվածքներ և ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղումներ, խիստ արտահայտված դիակային բծեր, ներքին օրգանների անոթների գերարյունություն, թոքերի փքվածություն, էմֆիզեմա, հեղուկ արյան առկայություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարինե Հովհաննիսյանը ուսուցչուհի է եղել, ամուսնալուծված և երեխաներին խնամել է միայնակ։
Հայտնի էր դարձել նաև, որ երեխաների հայրը թմրանյութերի նկատմամբ հակում է ունեցել և ամուսնալուծվելուց հետո իր հայրական պարտականություններն ավարտված է համարել:
Թերևս տարին մեկ-երկու անգամ այցելելով երեխաներին ու ինչ որ նվերներ նվիրելով՝ համարել է, որ կատարել է իր հայրական պարտականությունները:
Միայնակ մոր պարտականություններն ուսերին կրող կինը հուսահատության պահերին կյանքին վերջ դնելու մտքեր է արտահայտել, ասելով՝ «գնալում եմ, տանելով երեխաներիս»: