Կարևոր իրադարձություններ

Զավեշտալի ու թշվառ դատավարություն. դատում են «Սասնա ծռեր»-ին (տեսանյութ)

11 Օգոստոս, 2017 19:00
Զավեշտալի ու թշվառ դատավարություն. դատում են «Սասնա ծռեր»-ին (տեսանյութ)

Փաստաբանների խուզարկում կամ զննություն, աղմուկ աղաղակներ ու բղավոցներ, երաժշտական կատարումներ, սանկցիաներ ու ընդմիջումներ: Առաջին իսկ դատական նիստից հետո մինչ օրս այսպես են շարունակվում  « Սասնա ծռեր»- ի գործով դատական նիստերը:

18 մեղադրյալների առաջին դատական նիստի  ժամանակ «Սասնա ծռեր»-ի աջակիցները Երևանի Ազատության հրապարակից բողոքի երթով եկել էին դատարան:

Նրանք ցանկանում էին մտնել դատարանի դահլիճ և մասնակցել դատական նիստին։ Ոստիկանները, սակայն,  բոլորին թույլ չէին տվել մտնել ներս՝ դահլիճը փոքր էր և ընդամենը 40 մարդու տեղ կար, որոնք էլ արդեն զբաղված էին:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ, դեռևս չմեկնարկած հետաձգվեց առաջին դատական նիստը: Դատավորը չէր կարողանում կարգի բերել դատական նիստերի  դահլիճը, աղմուկը չէր դադարում:

Երկրորդ, երրորդ և հաջորդող դատական նիստերի ժամանակ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը անընդմեջ հետաձգում էր դատական նիստերը՝ սկզբում 30 րոպեով, ապա մեկ ժամով: Պատճառը՝ կա՛մ աղմուկն էր, կա՛մ փաստաբանների՝ դատական նիստերի դահլիճում չգտնվելը, կա՛մ էլ՝ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելը:

Դատական նիստերից մեկն այնպիսի թեժ մթնոլորտում է անցել, որ սկսվել է ծեծկռտուք և քաշքշուք ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև: Պատճառը եղել է այն, որ Կյուրեղյանը փորձել է թուղթ փոխանցել փաստաբանին, սակայն ոստիկանը ձեռքից վերցրել է, ինչն էլ եղել է լարված մթնոլորտի պատճառը:

Հուլիսի 19-ին դատավորը որոշում էր կայացրել դիմել Փաստաբանների պալատ և սանկցիա կիրառել փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ, մյուս փաստաբանները բոյկոտել էին դատական նիստն ու լքել դահլիճը: Ապակուց այն կողմ գտնվողները ծափահարություններիով էին ողջունել փաստաբաների այս քայլը:

Մինչ օրս կայացած դատական նիստերի ընթացքում  «Սասնա ծռեր»  խմբի գրեթե բոլոր անդամների նկատմամբ սանկցիա է կիրառվել ու նրանց հեռացրել են դահլիճից, գրեթե բոլոր փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է Փաստաբանների պալատին:

Դատական առաջին նիստից մինչ օրս ըստ էության որևէ նշանակալի բացահայտում կամ պարզաբանում տեղի չի ունեցել: Նիստերի ժամանակ կա՛մ սանկցիա է կիրառվել, կա՛մ փաստաբանների խուզարկության հարցն է քննարկվել, կա՛մ՝ այլ պատճառներով հետաձգվել է:

 «Սասնա ծռեր »  խմբի գործով դատական նիստերը շարունակում են մնալ հասարակության ամենահետաքրքիր թեման: Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ի վերջո ի՞նչ ավարտ է ունենալու այս գործը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին