Կարևոր իրադարձություններ

«Լոռու մարզի Արդվի գյուղում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»

10 Օգոստոս, 2017 16:51
Հեղինակ՝ Վաչե Սարդարյան
«Լոռու մարզի Արդվի գյուղում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»

Լոռու մարզի Արդվի գյուղում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Գյուղում հանքի շահագործման համար «Միռամ» ընկերությունը փորձում է թույլտվություն ստանալ, սակայն առայժմ գյուղի բնակչությունը դրան ընդդիմանում է։ Երեկ գյուղապետ Սամվել Կիրակոսյանը փորձել է հրաժարական տալ, սակայն գյուղի ավագանին չի ընդունել այդ հրաժարականը։ Պարզ է, թե ինչու է տեղի ունենում հրաժարականի փորձը։ Մի կողմից՝ բնակիչներն են, մյուս կողմից՝ «Միռամ» ընկերությունը, որի հետևում, ըստ մամուլի հրապարակումների, կանգնած է Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Բաղդասարյանն ինքը բազմաթիվ անգամ հերքել է իր մասնակցությունը տվյալ դեպքին, սակայն ծուխն առանց կրակի չի լինում, ինչպես գիտեք։ Վահրամ Բաղդասարյանն ունիկալ քաղաքական գործիչ է։ Նա մեկն է այն եզակիներից, ով կարիերայի իքս փուլում ձախողվելուց հետո ոչ միայն կարողացավ ռեաբիլիտացվել իշխանության համակարգում, այլև ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ իշխանության վերնախավում։ Սովորաբար եթե իշխանությունը Հայաստանում մեկնումեկին որոշում է հրաժեշտ տալ, ապա դա անում է հնարավորինս անձայն, բայց և կարելի է ասել՝ հավերժ։ Բաղդասարյանը, սակայն, 2007 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ դաժան պարտություն կրելով այն ժամանակվա իր մրցակից Վիկտոր Դալլաքյանից, կարողացավ ուշքի գալ ու հիմա արդեն, ինչպես նշեցինք, բավականին ազդեցիկ դերակատարություն ունի ՀՀԿ-ում։ Դե, ինչ մնում է գյուղի ու հանքի հետ կապված պատմությանը, առաջին դեպքը չէ, երբ նման իրավիճակ է ստեղծվում։ Տարիներ շարունակ նույն իրավիճակը Թեղուտում ու Թռչկանում էր, որտեղ նույնպես հանքի ու հէկի շահագործման համար պայքար էր գնում քաղաքի ակտիվիստական շրջանակների ու Թեղուտի հարցով շահառու «Վալլեքս» գրուպի միջև։ Նույն իրավիճակը կարող է նաև հիմա ստեղծվել այստեղ, ու կրքերը բորբոքվեն նոր ուժով։ Բայց թե որ կողմը կհաղթի այդ դիմակայությունում, և ինչ դիրք կբռնի այդ հարցում իշխանությունը, դժվար է ասել, թեպետ կարելի է կռահել։

 

Լրահոս

Դիտել ավելին