Կարևոր իրադարձություններ

«Իսլամն ասում է. «Սպանիր գյավուրին», կոմունիզմն ասում է. «Ոչնչացրու ու իջեցրու կապիտալիստին, նա է, որ քեզ շահագործում է»»

10 Օգոստոս, 2017 12:56
Հեղինակ՝ Արտյոմ Ավագյան
«Իսլամն ասում է. «Սպանիր գյավուրին», կոմունիզմն ասում է. «Ոչնչացրու ու իջեցրու կապիտալիստին, նա է, որ քեզ շահագործում է»»

Շատ հնարավոր է նաև, որ կրոններն ու ուսմունքները մարդկության համար փորձաքարի նշանակություն ունեն: Օրինակ՝ Իսլամն ասում է. «Սպանիր գյավուրին», կոմունիզմն ասում է. «Ոչնչացրու ու իջեցրու կապիտալիստին, նա է, որ քեզ շահագործում է, բոլորը պիտի իրար նման լինեն», ռասիզմն ասում է. «Սպանիր քեզնից այդ ցածր ռասային, ստրկացրու, նա մարդ կոչվելու իրավունք չունի»: Ազգային խտրականությունն ու ատելությունն ասում է. «Մեր թշնամիներից և ոչ մեկը մարդ չէ, նրանք ոչինչ չեն կարող ստեղծել, նրանք հիմար են, անպիտան, ապրելու անարժան»: Աղանդներն ասում են. «Բացի մեզանից՝ բոլորը սխալ են, հենց մենք ենք աստծու նախանշած ճիշտ ճանապարհին տիրապետում: Ամերիկայի բնիկները՝ հին հնդկացիները, չնայած իրենց շատ արժանիքներին, միլիոնավոր մարդկային զոհաբերություններ են կատարել՝ այդ ամենն արդարացնելով աստծու կամ աստվածների պատվիրանով: Հնում՝ ստրկատիրական ժամանակներում, հետագայում ՝ ֆեոդալիզմի, իշխողներն անասելի դաժանությամբ են վարվել իրենց աստիճանին չպատկանող մարդանց հետ: Դե ստրուկը մարդ չէ, կարելի է: Եթե անդրադառնանք մեզ մոտ ժամանակների գերմանացի մեծ փիլիսոփա Նիցշեին, ում հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրա ուսմունքի ծայրահեղ կողմն էր, որ թույլը պիտի մեռնի: «Ընկնողին հրիր»․ նրա խոսքերից մեկն է: Այնինչ կյանքում ու բնության մեջ ուժեղներ ու թույլեր չկան: Դա մերկապարանոց աշխարհայացք է: Կա իրերի ու երևույթների, մարդկանց բարդ հարաբերություն, որոնք գտնվում են զարգացման, անկման, փորձաշրջանի առանցքում: Այսօրվա թույլը վաղվա ուժեղն է: Ոչինչ պատահական չէ: Եթե ընտրություն լինում էլ է, ապա ոչ բոլորի դեպքում ու ոչ նույն կերպ: Այնպես որ, արհեստականորեն ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին ասելու՝ սա թույլ է, թող մեռնի: Իսկ մի՞թե ինքը՝ Նիցշեն, ուժեղ էր: Ամբողջ կյանքում հիվանդ է եղել: Վերջում էլ, հակառակի պես, հիվանդությունը սողոսկեց մարդկության պատմության մեջ, այս ամենանուրբ ու խելացի մարդկանցից մեկի մարմինը, հոգին: Նա ֆիզիկապես ու հոգեպես վայր ընկավ, կործանվեց ու կյանքից հեռացավ: Այնինչ նրա ուսմունքն այնքան խոր շերտեր ու հրաշալիքներ ունի: Ինչո՞ւ կենտրոնանալ այս կողմի վրա: Լավ մարդը ամենից քաղում, վերցնում է լուսավորը, խորը: Իսկ տհաս ու վատ նախահակվածություն ունեցող մարդը նույնիսկ լավի մեջ մի վատ բան կգտնի, կսևեռվի ու կկազմաքանդի: Կամ սխալ կընկալի: 
Հետո, երբ մարդիկ իրենց արարքներն Արարչին բացատրեն, արդարացնեն կրոններուվ, ուսմունքներով կամ ժամանակին ընդունված նորմերով, հնարավոր է՝ Աստված ասի. «Ես ոչ մի նման բան չեմ ասել ու տվել»: Իսկ ո՞ւր էին քո խիղճը, զգացմունքը, խելքն ու մտածողությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին