Կարևոր իրադարձություններ

«Թուրքմենստանը դուրս է գալու Արևմուտք Ադրբեջանի լոգիստիկայով»

08 Օգոստոս, 2017 12:31
Հեղինակ՝ Արտյոմ Բալասանով
«Թուրքմենստանը դուրս է գալու Արևմուտք Ադրբեջանի լոգիստիկայով»

Այսօր մեկնարկում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան։ Նախատեսվում են երկկողմ բազմաթիվ հանդիպումներ, որտեղ քննարկվելու են էներգետիկ–տրանսպորտային, տնտեսական, ներդրումային և այլ հարցեր։

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիացվի Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղուն։ Շուտով տեղի է ունենալու Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղու թուրքմենական հատվածի բացման արարողությունը:

Այդ երկաթուղուն միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմելու է ավելի քան 400 կիլոմետր։ Այդպիսով, նոր երկաթուղին Աֆղանստանը կկապի Թուրքմենստանի հետ, իսկ ծովով բեռները կարող են ուղարկվել Ադրբեջան ու Վրաստան։ ԲԹԿ-ի շահագործումից հետո երկաթուղային ցանց կստեղծվի Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Եվրոպայի երկրների միջև։

Անկարան՝ Բաքու-ղազախական Ալյաթի նավահանգստով, ինչպես նաև Բաքու-Թուրքմենշաբի ուղղությամբ՝ լաստանավային փոխադրումներով դուրս է գալու իր համար կարևորություն ունեցող թուրքմենական շուկա:
Ադրբեջանը դառնում է Թուրքիայի պատուհանը դեպի թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիա ու Սինցզյան, ինչպես նաև հակառուսական արտաքին քաղաքական վեկտոր ունեցող երկրներին՝ Վրաստան, Ուկրաինա միջանցք տրամադրում՝ ՌԴ շրջանցելու և ՌԴ-ից տարանցիկ կախվածության թուլացման համար:

Նշենք, որ Թուրքմենստանը որոշում է կայացրել Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա:
Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:
Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որը իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝ կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:

Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:
Թուրքմենստան-Ադրբեջան՝ Ալյաթ և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև տրանսպորտային երկկողմ կապերը կդառնան եռակողմ, երբ այս տրանսպորտային յուրօրինակ միջանցքին կմիանա նաև Ղազախստանի Աքթաու նավահանգիստը, որից այժմ նավթ, գազ և այլ բեռներ են տեղափոխվում Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով դեպի Սև ծովի Բաթում և Փոթի նավահանգիստներ և ԵՄ:
Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ Մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնել արտահանման ուղղություններն արևմտյան ուղղությամբ:

Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնական ասիական երկրների համար, դառնալով Ղազախստանի և Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա:

 

Լրահոս

Դիտել ավելին