Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ակտիվ դաշնակիցների կարիք ունի և կանի առավելագույնը

13 Հոկտեմբեր, 2015 17:24
Ռուսաստանն ակտիվ դաշնակիցների կարիք ունի և կանի առավելագույնը

Ռուս-սիրիական հարաբերությունների, ԼՂՀ-ն դերակատարման, միջազգային հանրության կողմից անկախության ճանաչման վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

Սիրիայում իսլամական պետության դեմ Ռուսաստանի սկսած գործողություններից ավիահարվածները նորանոր մեկնաբանություն են ստանում միջազգային մամուլում: Ըստ վերլուծաբանների ՝ ռուսական կողմը սիրիական, իրաքյան և ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում է ընդհանուր ընկալմամբ:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ակնարկել էր, որ եթե անհրաժեշտ լինի Ստեփանակերտի օդանավակայանը  կօգտագործվի ի  օգուտ ռուսական գործողությունների: 

- Պարոն Մելիքյան ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ, ըստ Ձեզ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ԼՂՀ-ն  այս հարցում:

-Համենայնդեպս ռուսաստանյան պաշտոնատարների կողմից նման բովանդակություն ունեցող հայտարարություններ ինձ հայտնի չեն: Այդուհանդերձ, չի կարելի բացառել, որ եթե ՌԴ իշխանություններն իրենց երկրի համար լուրջ վտանգ տեսնեն արցախյան զարգացումների համատեքստում,ապա կարող են դիմել նաև ուժային գործողությունների: Սիրիայի պարագայում ՌԴ ռազմական ներգրավվածությունն արդարացվում է դրա օրինականությունն ապահովող սիրիական իշխանությունների՝ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան պաշտոնական դիմումով:

 -Ի՞նչ եք կարծում այս պարագայում հնարավոր է, որ Ռուսաստանը դաշնակից պետությունների կարիք ունենա:

-Ռուսաստանն, անշուշտ, ակտիվ դաշնակիցների կարիք ունի և կանի առավելագույնը, որպեսզի Սիրիայում իր կողմից նախաձեռնված ռազմական գործողություններում նաև այլ պետություններ ներգրավվեն:

-Այս ամենից օգտվելով, կարելի է ԼՂՀ-ն միջազգայնորեն չճանաչված լինել օգտագործել ու դնել «քվեարկության», որպեսզի միջազգային հանրության կողմից ևս Արցախը ճանաչվի ազատ անկախ հանրապետություն: Եվ որքանո՞վ է սա իրատեսական:

-Եթե չեմ սխալվում, քսանմեկ տարի առաջ կնքված զինադադարի պայմանների համաձայն Արցախի տարածքը հռչակված է թռիչքազերծ գոտի և թռիչքների արգելքն առաջին հերթին վերաբերում է ռազմական օդանավերին:Հետևաբար, քանի դեռ գործում է զինադադարը,Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործումը հատկապես ռազմական նպատակների համար, թերևս, անհնար կլինի, բացառությամբ այն տարբերակի, երբ Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները հատուկ համատեղ որոշում կայացնեն և արտոնեն ՌԴ ՌԱՈՒ իննքնաթիռների կողմից այդ օդանավակայանի օգտագործումը: Վերջին տարբերակի իրականացման հավանականությունն այսօր գրեթե զրոյական է:

-Արցախի ճանաչումը ի՞նչ կտա հայ  և արցախցի հասարակությանն ու ի՞նչ վնաս կհասցնի Ադրբեջանին:

-Արցախի միջազգային ճանաչումը միանգամայն լուրջ հեռանկար կունենա, եթե հայկական կողմերն այդ ուղղությամբ իրապես գործնական քայլեր նախաձեռնեն: Միաժամանակ, միջազգային տարբեր դերակատարներ այդ ճանաչման հետ կապված կարող են փորձել սեփական քաղաքական շահերն առաջ մղելու ծրագրեր իրականացնել և մենք պետք է պատրաստ լինենք չեզոքացնել դրանից բխող ռիսկերը:

Պետք չէ Արցախի միջազգային ճանաչման խնդիրը դիտարկել Ադրբեջանին վնասներ պատճառելու հրամայականի համատեքստում: Հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր կողմերի համար լավագույն տարբերակն այն կլինի, որ հենց պաշտոնական Բաքուն առաջինը ճանաչի Արցախի անկախությունը և այս ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան ջանքեր գործադրել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին