Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. պաշտպանը հրաժարվեց բացել պայուսակը. «Փաստ»

29 Հուլիս, 2017 09:05
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. պաշտպանը հրաժարվեց բացել պայուսակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն այն բավական կարճ տևեց և դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Բանն այն է, որ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը չկարողացավ ներս մտնել նիստերի դահլիճ՝ հրաժարվելով ցույց տալ իր պայուսակի պարունակությունը դատական կարգադրիչներին, ինչն ըստ փաստաբանի՝ ոչ այլ ինչ է, քան՝ խուզարկություն:

Սակայն խուզարկության հերթական փորձն ապարդյուն էր, փաստաբանը կրկին բացատրում էր ոստիկաններին, որ իր պայուսակում դատարան ներս տանելու համար արգելված որևէ իր չկա: Որոշ ժամանակ անց «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկների առաջ Կարապետյանցը բացեց պայուսակը՝ ցույց տալով դրա պարունակությունը: Այնտեղ միայն բանալիներ էին, քրեական գործը ամրակով ամրացված և այլ թղթեր:

«Պայուսակս բացելու և խուզարկելու պահանջը չունի որևէ բացատրություն և տրամաբանություն, որովհետև նման պահանջ փաստաբանին ներկայացնելու համար պետք է հիմք ունենան ենթադրելու, որ իր մոտ որևէ արգելված իր կա: Բացի այդ, պետք է ունենան դատարան բերելու համար արգելված իրերի ցանկը:

Փաստաբանը դատարան է գալիս իր գործունեությունը իրականացնելու որպես հատուկ սուբյեկտ: Մենք շարքային քաղաքացի չենք, հետևաբար մեր գործունեությանը, հատկապես այն դեպքում, երբ Փաստաբանության մասին օրենքը կատեգորիկ կերպով արգելում է փաստաբանին խուզարկելը, անընդունելի է և չի կարող նորմալ համարվել:

Կրկին իմ նկատմամբ սանկցիա կիրառվեց: Ես գտնում եմ, որ մուտքն արգելելը ապօրինի էր, ինչպես և ապօրինի էր խուզարկության պահանջն ու դատարանի սանկցիա կիրառելը: Մեր մուտքը արհեստականորեն արգելելով փորձում են հնարավորություն ստեղծել դատարանի համար, որպեսզի այլ պաշտպաններ ներգրավեն: Կարծում եմ, որ չի ստացվի, որովհետև մեր պաշտպանյալը համաձայնություն չի տա այլ պաշտպանին»,– ասաց նա «Փաստի» հետ զրույցում:

Մեր այն հարցին, թե այլ դատական գործերի ժամանակ նույնպե՞ս նույն վերաբերմունքն ու պահանջն են ցուցաբերում կարգադրիչները՝ Կարապետյանցը պատասխանեց, որ իրենց նկատմամբ ընդհանուր տրամադրվածություն կա:

«Ես 19 տարի դատարան եմ գալիս տարբեր դատական գործերի համար՝ և՛ քաղաքացիական, և՛ քրեական: Նման խնդիր երբևէ չի եղել, բացառությամբ Վերաքննիչ դատարան մուտք գործելու հետ կապված: Մի որոշ ժամանակ խնդիրներ առաջանում էին, սակայն այդ հարցը լուծվեց, և մենք, փաստաբանի վկայականը ցույց տալով, ինչպես դատախազներն ու քննիչները, անարգել անցնում էինք:

Սակայն հիմա ցանկացած գործով, ցանկացած դատարան գնալիս կոնկրետ փաստաբանների աշխատանքները փորձում են խոչընդոտել: Հելսինկյան ասոցիացիայից Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին, Արա Զաքարյանին են փորձում խոչընդոտել և էլի այլ փաստաբանների: Այն ակտիվ փաստաբանները, ովքեր դիրքորոշում են արտահայտում, որ չեն պատրաստվում խուզարկվել՝ դատարանի ապօրինի պահանջներին ենթարկվելով, նրանց բոլորին փորձում են խոչընդոտել այլ նիստերով:

Եթե մենք չենք մտնում դատարան, հետևաբար մեր պաշտպանյալների կամ մեր վստահորդների գործերով տանուլ են գնում դատերը: Այսպես արհեստականորեն փորձում են շատ վատ վիճակի մեջ դնել պաշտպանյալներին: «Սասնա ծռերի» դատական գործով պաշտպանների մեծ մասը չի կարողանում դատարան մուտք գործել»,– նշեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին