Կարևոր իրադարձություններ

Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին. «Փաստ»

29 Հուլիս, 2017 07:50
Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, մեր անկախության այս տարիների ընթացքում խոսքի ազատությունն ինչպիսի՞ վայրիվերումներ է ապրել, ի՞նչ ընթացք է ունեցել:

– Մեր գնահատականներով այն ունեցել է իր վայրէջքներն ու վերելքները: Բայց բոլոր դեպքերում մամուլի համար ամենաազատ ժամանակաշրջանը 1990–ականների սկիզբն էր, երբ փլուզվեց Սովետական Միությունը: Բացահայտ գրաքննությունից հետո լրատվամիջոցների համար հնարավորություն ստեղծվեց գործել ազատորեն: Ազատության շունչը բոլորին էր վարակել, ամենքն ուզում էին օգտվել նրանից և իրենց ասելիքներն արտահայտել առաջին հերթին հենց լրատվամիջոցների միջոցով:

Ընդհանրապես մեդիափորձագետների մեծ մասը համարում է, որ 1990–ականների սկիզբը` 1991–93 թվականները, մեր լրատվամիջոցների եթե ոչ ոսկե, ապա գոնե արծաթե դարն էր:

Որոշ ժամանակ անց իշխանությունները հասկացան, որ ազատ լրատվամիջոցների ինստիտուտը երբ ձևավորվի, առաջին հերթին հենց իրենք են դառնալու նրա քննադատության թիրախը: Եվ խորհրդային ժամանակներից ժառանգած` լրատվամիջոցներին զսպանակ հագցնելու ձգտումը երևան եկավ արդեն 1994–ին, երբ դաշնակցական մամուլը կասեցվեց:

Դրանից հտո արդեն իշխանությունները ձգտում էին առավել վերահսկողության տակ պահել հեռարձակման ոլորտը:

Գագաթնակետը 2002 թվականին էր, երբ փակվեց A1plus–ը: Ճիշտ է, ներկայացվեց այլ կերպ, թե` լիցենզիա չստացավ, պարտվեց մրցույթում: Բայց իրականում դա քաղաքական պատվեր էր: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այն ժամանակվա իշխանությունների պատվերն էր կատարում: Որովհետև դրանից հոտո A1plus–ը ևս 13 անգամ դիմեց լիցենզիայի համար և մշտապես պարտված համարվեց: Այն պարագայում, երբ շատ ավելի թույլ ու անհայտ դիմորդներ լիցենզիա էին ստանում ու հիմնում հեռուստաընկերություններ:

Այդ զարգացումներից հետո միջազգային կազմակերպությունները, գնահատելով մեր երկրում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու լրատվամիջոցների ազատության աստիճանը, համարում էին, որ Հայաստանը ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկիր է:

2002 թվականից ի վեր այդ գնահատականն են տալիս Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունները:

– Նշանակում է` մենք կարո՞ղ ենք ասել, որ ժամանակի ընթացքում մեր երկրում խոսքի ազատությունն անկում է ապրել և շարունակում է անկում ապրել նաև այսօր:

– Վերջին տարիներին, և դա ցույց են տալիս նաև մեր դիտարկումները, խոսքի ազատությունը, այո, հետընթաց է ապրում: Եվ դրա վառ ապացույցները եղան 2015 թվականի հուլիսի 23–ի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը: Եղան 2016 թվականի Խորենացի փողոցի և Սարի թաղի իրադարձությունները: Երբ լրագրողները ենթարկվեցին լայնածավալ ճնշումների: Եվ իշխանություններն առ այսօր բավարար միջոցներ չեն ձեռնարկել մեղավորներին պատասխանատվություն ենթարկելու համար:

– Ձեր կազմակերպությունը վերջին շրջանում նույն այդ դեպքերի կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ: Արդյունք կա՞, թե` ձայն բարբառո հանապատի:

– Իշխանությունների կողմից` այո. ձայն բարբառո հանապատի: Բայց լրատվական հանրությունը, իհարկե, ուշադրությամբ հետևում է գործընթացին:

Մենք մեր նախորդ հայտարարությունն արել էինք` կապված «Էլեկտրիկ Երևանի» երկրորդ ամյակի հետ: Իսկ օրերս էլ հանդես կգանք հերթական հայտարարությամբ` արդեն 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների կապակցությամբ: Երբ հուլիսի 29–ի, լույս 30–ի գիշերը լրագրողներն ու լրատվամիջոցների մյուս աշխատակիցները` ֆոտոլրագրողներ, օպերատորներ, ենթարկվեցին լայնածավալ բռնությունների: Ընդ որում` թիրախավորված բռնությունների:

Ես կարծում եմ, որ այս փաստերը պետք է արժանանան իշխանությունների ուշադրությանը: Եվ վերջիններս պարտավոր են համարժեք քայլեր ձեռնարկել բռնարարների նկատմամբ:

Մինչդեռ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքերի առնչությամբ քրեական գործերի ընթացքը խիստ անբավարար է: Մեղադրվողների քանակը, ըստ էության, չի համապատասխանում տուժողների քանակին: Իսկ մենք գիտենք, թե որքան շատ լրաոգրող է տուժող ճանաչվել քրեական գործի շրջանակներում: Սակայն մեղադրանք է ներկայացվել հատուկենտ մարդկանց:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին