Կարևոր իրադարձություններ

Բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիան ու կառավարման ուղղահայաց համակարգը. «Փաստ»

28 Հուլիս, 2017 07:35
Բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիան ու կառավարման ուղղահայաց համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

– Պարոն Ադիբեկյան, «Ելք» դաշինքի որոշ անդամներ պատրաստվում են առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի մեր երկիրը դուրս գա ԵՏՄ–ից: Դա ինչպիսի՞ արձագանք կունենա մեր ժողովրդի մոտ:

– Նրանք ցանկանում են, որ Հայաստանը մերձենա Եվրամիության հետ, քանի որ մեր երկրի համար Ռուսաստանի հետ արդյունավետ ապագա չեն կանխատեսում:

Սակայն մեր հարցումներում մշտապես բնակչության ոչ պակաս 60%–ը երկրի ապագան կապում է Ռուսաստանի հետ: Իսկ Եվրամիության կողմնակիցները բավականին թույլ են և շատ քիչ են:

Ու նաև մեր արտագաղթողների 80%–ը գնում է Ռուսաստան: Մի 15%–ը գնում է Եվրոպա: Մնացածը` աշխարհի տարբեր երկրներ: Ուստի բնակչության համար Ռուսաստանը մնում է որպես կերակրող կողմ: Տարեկան մոտ 1,3 մլրդ դոլարի գումար է գալիս Ռուսաստանից այստեղ` ընտանիքներին պահելու համար:

Եթե նայես «Ելքի» նախընտրական ծրագիրը, նրանք կարծես ցանկանում էին նոր շունչ հաղորդել ընտրություններին, և որպես հիմնական թիրախ դրել էին Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:

– Իսկ մի՞շտ է, որ մեծամասնությունն է ճիշտ: Հաճախ խոսվում է նաև որակյալ փոքրամասնության մասին:

– Դրա համար նախ որակյալ փոքրամասնությունը պետք է կարողանա համոզել անորակ մեծամասնությանը, որ իրենց երեխաների, թոռների ապագայի համար առավել նպատակահարմար է գնալ դեպի Եվրամիություն, քան Ռուսաստան:

Բացի դա, մենք չունենք ռեսուրս` համապատասխան Եվրոպական ստանդարտներին: Տեսեք, թե Թուրքիան որքան է ձգտում մտնել Եվրամիություն, բայց նրա ստանդարտները քիչ են: Կամ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, նախկին խորհրդային երկրները ամենաաղքատն են եվրոպայում: Ո՛չ գիտություն ունեն, ո՛չ արտադրելու մշակույթ ունեն, ո՛չ մասնագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ բնական ռեսուրսներ ունեն:

Նույնն էլ` Հայաստանը. եթե հայտնվի Եվրամիության մեջ, անելիք չի ունենա այնտեղ:

Ոստի եթե Եվրոպան ձգտում է, որպեսզի մեզ ունենա իր շարքերում, պետք է ներդրումներ անի մեր երկրում, պետք է զարգացնի արդյունաբերությունը, միջազգայնորեն մրցունակ արտադրանք ապահովի և այլն, և այլն: Այս դեպքում միայն կարող ենք Եվրոպա մտնել:

Թե չէ ինքն ասում է մեզ` գնա լողացի, սանրվի, քամուց պաշտպանվելու համար լավ հագնվիր, նոր միայն կմտածեմ` քեզ ընդունեմ, թե ոչ:

Իսկ Ռուսաստանում մեր ապրանքը դեռ վաճառվում է: Պատկերացրեք, որպեսզի մեր Բջնին վաճառվի Եվրոպայում, մի տասը հատ արտոնագիր անհրաժեշտ կլինի: Իսկ Ռուսաստանում վաճառելու համար մեկ արտոնագիրը բավական է: Ընդամենը` թե ջրի բաղադրությունն ինչպիսին է:

– Հեշտ ճանապարհ ընտրելով` մենք մեր տնտեսության զարգացման թափը չե՞նք կասեցնում:

– Այդպես է: Բայց դա պետք է լինի մեծ քաղաքականություն. Հայաստանն իր ներուժով չի կարող զարգանալ: Պետք է դառնա ինչ–որ մի շրջանակի ներդաշնակ մաս, որպեսզի զարգացում ապրի: Ուրիշ տարբերակ չկա:

– Շատերն ասում են, որ մեր երկրում իրական ընդդիմություն չկա, վերահսկելի ընդդիմություն է: Եվ այս հարցն էլ հնչել է, որվհետև դա անհրաժեշտ է եղել իշխանություններին: Ինչպե՞ս եք նայում նման հարցերին:

– Եվրոպական ժողովրդավարական մշակույթը, հասկանալով, որ մեծամասնության կարծիքը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, ինչպես` ֆաշիզմը Գերմանիայում և Իտալիայում, դեմոկրատիան առավել դառնում է կենտրոնամետ: Այն է` մեծամասնությունը որոշում կայացնելիս պարտադիր պետք է հաշվի նստի նաև փոքրամասնության տեսակետի հետ: Հակառակ դեպքում փոքրամասնությունն անելիք չունի: Այսինքն` պետք է ընդունվեն համաձայնեցված որոշումներ ու միասնաբար գնան առաջ:

Մեզ մոտ նման բան չկա. մենք դեռ բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիայով ենք շարժվում և կիրառում ենք ուղղահայաց կառավարման համակարգը:

Մինչդեռ մեծամասնությունը պետք է պարտադիր հաշվի նստի փոքրամասնության կարծիքի հետ, որպեսզի կարողանան աշխատել հանուն հայրենիքի:

Եվ այդ ժամանակ արդեն ընդդիմությունը կդառնա կոնստրուկտիվ` կառուցողական: Եվ ոչ թե կարգախոսներով հանդես եկող ընդամենը: Եվ կստեղծվի կարծիքների բազմազանություն, ու որոշումներն էլ կլինեն առավել արդյունավետ ու նպատակային:

Մեր երկրից մի օրինակ. ինչո՞ւ ՕԵԿ–ը ժամանակին դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Ինձ ասացին, որ 500 առաջարկություններ և օրենքի նախագծեր են ներկայացրել և դրանցից ոչ մեկը չի ընդունվել: Սա՛, որ կոալիցիայի անդամ էր: Դե պատկերացրեք ընդդիմության վիճակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին