Կարևոր իրադարձություններ

«Մեր կառավարությունը բժշկական ոլորտը վերածել է բիզնեսի». «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

27 Հուլիս, 2017 19:40
«Մեր կառավարությունը բժշկական ոլորտը վերածել է բիզնեսի». «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Հուլիսի 3-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ շրջայցեր է կատարել, հանդիպում-քննարկումներ էր ունենում Երևան քաղաքի 12-ի վարչական շրջաններում:

Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յուրաքանչյուր վարչական շրջանում աշխատում են կրթության մասնագետներ, որոնք բավականին մեծ գումարներ են ստանում. «Չնայած նրանց աշխատանքի արդյունքը ես չնկատեցի, միայն կարող եմ փաստել, որ աշխատանքային ժամերին նրանք ազատ իրենց աշխատանքային համակարգչից հերթական սերիալն էին դիտում»:

Ս. Աղեկյանի խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխաներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն օգտվելու նախադպրոցական կրթությունից, բայց այս պահին մեր 12 վարչական շրջանների թվով 160 մանկապարտեզներ հաճախում է ընդամենը 30 953 երեխա, սակայն իրենց հերթին են սպասում ևս 30 հազարը. «Նրանցից մեծ քանակությամբ երեխաներ այս տարի գնում են առաջին դասարան՝ առանց մոտենալու անգամ նախադպրոցական որևէ հաստատության շեմին: Սա վկայում է այն մասին, որ երեխաները փողոցից միանգամից գնալու են դպրոց: Լուծումն այն է, որ Երևանի պետական բյուջեից պետք է ավելացնել 5 տարին լրացած բոլոր երեխաների համար հատուկ խմբեր, պետք է ավագ խմբերի թիվն ավելացնել, ինչը հնարավոր է, բյուջեն ունի այդ միջոցները»:

Նույն խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ խոսեց առողջապահության ոլորտում առկա խնդիրներից: Նա նշեց, որ իրենց այցելությունների ժամանակ քաղաքացիներն ավելի շատ բողոքում էին սոցիալական խնդիրներից, սակայն կային նաև քաղաքացիներ, որոնք բողոքում էին բժշկական ոլորտի բազմաթիվ խնդիրներից:

«Մարդիկ բողոքում էին, որ չնայած ունեն հաշմանդամության կարգ, բուժական օգնության ստացման ընթացքում պարտադրված են եղել կատարել վճարումներ: Այդ վճարումները նրանք կատարել են բժշկական գործիքների, սարքավորումների, դեղերի ձեռքբերման համար: Շատ քաղաքացիներ բողոքում էին այն բանից, որ իրենց զրկել են հաշմանդամության երրորդ կարգից այն դեպքում, որ այդ մարդիկ տառապում էին շաքարային դիաբետով, տարել էին սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի կաթված, այնպիսի հիվանդություններ, որոնք պահանջում են տևական բուժում, ունեն քայքայիչ ազդեցություն: Նրանց զրկել հաշմանդամության կարգից անթույլատրելի է, քանի որ այս մարդիկ փաստացի հանդիսանում են հաշմանդամներ ու առողջ չեն»,- նշեց Մ. Խաչատրյանը:

Նրա համար ցավալի է այն փաստը, որ ԱԺ նախագահը, լինելով մասնագիտությամբ բժիշկ, պատկառելի անձնավորություն, բժշկական ոլորտին բացարձակապես լուրջ ուշադրություն չի դարձնում. «Մեր կառավարությունը բժշկական ոլորտը վերածել է բիզնեսի, սակայն մեր քաղաքացիներն ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնց պետք է շատ լուրջ վերաբերվել»:

Նա նաև նկատեց, որ բժիշկները դեռ ուսանողության տարիներից սովորում են օտար լեզուներ, որ ավարտելուն պես արտագաղթեն. «Բժիշկների արտագաղթը հասնում է հսկայական ծավալների: Բժիշկների, ուսուցիչների, գիտնականների արտագաղթը, կարելի է ասել, հայ ժողովրդի պլանավորված գլխատումն է: Սրա դեմ պետք է անպայման պայքարել միահամուռ ուժերով»:

 

Լրահոս

Դիտել ավելին