Կարևոր իրադարձություններ

«Բաքուն կարծես թե վերանայում է Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին որոշումը»

27 Հուլիս, 2017 17:48
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Բաքուն կարծես թե վերանայում է Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին որոշումը»

Միացյալ Նահանգների կողմից Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ընդունված նոր պատժամիջոցներով պայմանավորված Բաքուն զգուշավորություն է ցուցաբերում Իրան-Ադրբեջան երկաթգծի, մասնավորապես՝ Ռաշթ-Ասթարա հատվածի կառուցման նկատմամբ: 
Մինչև Իրանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում առաջացած լարվածությունը, Իրանն ու Ադրբեջանն ակտիվ բանակցում էին երկաթգծի շինարարության շուրջ, նույնիսկ ադրբեջանական կողմը պատրաստակամություն էր հայտնել 500 մլն դոլարի ներդրում կատարել: 
Այդ շրջանում «Հյուսիս-հարավ միջանցքի» գործարկման առնչությամբ նույնիսկ իր գոհունակությունն էր հայտնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանը: Պետք է ենթադրել, որ երկաթգծի իրանական հատվածում Ադրբեջանի կողմից ներդրումներ կատարելու դեպքում իսրայելական ընկերությունները ևս միջնորդավորված կարող էին մասնակցություն ունենալ այդ նախագծին: 
Ինչպես նշում են, ԻՀՊԿ-ին մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսները թեև ժամանակին Իրանը հաշվարկել էր դրանից սպասվող հնարավոր ռիսկերը, սակայն, տնտեսական գործոնով պայմանավորված, առաջնահերթությունը տվել էր երկաթգծի գործարկմանը: Այդ համատեքստում Իրանում գտնում են, որ այսուհետ Բաքուն իր հետագա գործողությունները համաձայնեցնելու է Վաշինգտոնի հետ:
Այժմ ԱՄՆ նոր վարչակարգի որդեգրած «իրանական» քաղաքականությամբ պայմանավորված՝ Բաքուն կարծես թե փորձում է վերանայել Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին որոշումը՝ հասկանալով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի և Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների, առավել ևս՝ դրանց սաստկացման պարագայում Բաքվի համար վտանգավոր կլինի մի կողմից սպասարկել ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, մյուս կողմից՝ դիմակայել Իրանի ճնշմանը:
Հ.Գ. Ինչպես հաղորդում են իրանական ոչ պաշտոնական լրատվամիջոցները, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին Իլհամ Ալիևին հրավիրել է՝ մասնակցելու իր երդմնակալությանը: Բաքվից էլ կարծես թե հստակ պատասխան չեն տվել՝ միայն հավաստիացնելով, որ ԱՀ-ն բարձր մակարդակով ներկայացված կլինի Ռուհանիի երդմնակալությանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին