Կարևոր իրադարձություններ

Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

26 Հուլիս, 2017 21:00
Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը: Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարները և տարածքային զինվորական կոմիսարները:

Ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ բանակային հերթափոխի փոխանցման խորհրդանշական այս նախաձեռնությունը դառնալու է ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Փոխքաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարի անընդմեջ երևանաբնակ զինծառայողների ծնողների սահմանամերձ զորամասեր այցելությունների ծրագիրը ևս լինելու է շարունակական՝ հավելելով, որ երևանաբնակ զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:

Նորակոչիկներն էլ խոստացել են պատվով շարունակել զորացրված ընկերների գործը, իսկ զորացրվածներն իրենց հերթին վստահեցրել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բանակում ստացած զինվորական հմտությունները կրկին ծառայեցնելու հանուն Հայրենիքի պաշտպանության:

Խորհրդանշական միջոցառման շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները կատարել են նորակոչիկների օրհնության կարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին