Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահը և Արգենտինայի դեսպանը կարևորել են հայ համայնքի դերն ու ավանդը հայ-արգենտինյան կապերի դինամիկ զարգացման գործում

26 Հուլիս, 2017 16:10
ՀՀ ԱԺ նախագահը և Արգենտինայի դեսպանը կարևորել են հայ համայնքի դերն ու ավանդը հայ-արգենտինյան կապերի դինամիկ զարգացման գործում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների առկա մակարդակը:

ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական հարաբերություների ընդլայնման համատեքստում կարևորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաև բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Արա Բաբլոյանը նշել է, որ այս խորհրդարանում արդեն ձևավորվել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խումբը, որը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Արգենտինայի պաշտոնական տեսակետը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են հայ համայնքի դերն ու ավանդը հայ-արգենտինյան կապերի դինամիկ զարգացման գործում:

Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին