Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոն դիրքերն է ամրապնդում. նա չլսված բարձր գնով երկու տուն է գնել իր ծննդավայրում. «Հրապարակ»

26 Հուլիս, 2017 08:42
Դոն Պիպոն դիրքերն է ամրապնդում. նա չլսված բարձր գնով երկու տուն է գնել իր ծննդավայրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն, շարունակում է անշարժ գույք ձեռք բերել իր ծննդավայր Էջմիածնում: Քաղաքում գործող առեւտրի եւ սպասարկման մի շարք օբյեկտներ, որ վաղուց արդեն Ասատրյան ընտանիքի սեփականությունն են, շարունակում են համալրվել:

Հերթական գործարքը, ճիշտ է՝ այնքան էլ արագ առաջ չի գնում, հատկապես Պիպոյի հետ կապված վերջին աղմկահարույց դեպքից՝ մահափորձի նախապատրաստությունից եւ դրա բացահայտումից հետո, բայցեւայնպես, առեւտուրն արդեն ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով, Դոնը երկու մասնավոր տուն է գնել Էջմիածնի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի հարեւանությամբ: Եվ, քանի որ դրանք վանքապատկան տարածքում են, տանտերերն աստղաբաշխական գին են պահանջել: Ըստ մեր աղբյուրի՝ տներից յուրաքանչյուրի համար Դոնը 100 հազար դոլարի կարգի գումար է վճարել՝ Էջմիածնում չլսված թվեր:

Դեռեւս տարիներ առաջ, երբ եկեղեցին իրեն պատկանող տարածքը «մաքրեց» բազմաթիվ շենք-շինություններից՝ վերադարձնելով իր հասանելիք տարածքը, խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ հաջորդն այդ տներն են լինելու: Բնակիչների առաջարկած գինը, սակայն, եկեղեցուն «ձեռք չտվեց», եւ նա այն չգնեց՝ հավանաբար, սպասելով առատաձեռն մի բարերարի: Եվ, ահա, այդ օրը չուշացավ:

Իտալահայ գործարարը, որ նաեւ շատ մոտ հարաբերություններ ունի Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որոշել է գնել տներն ու նվիրել եկեղեցուն: Նվիրատվության մասին խոսակցությունները, ըստ մեր աղբյուրի, թեեւ նախնական են, բայց իրականությանը մոտ։

«Դա մի տարածք է, որտեղ, ճիշտ է՝ ցանկացած նախաձեռնություն մեծ եկամուտներ կբերի, բայց ոչ Պիպոյի դեպքում: Այնպես չէ, որ բիզնես շահը նրան չի հետաքրքրում: Բայց նա հավատքի մարդ է եւ երբեք իր հավատքի հաշվին բիզնես չի անի: Եթե մտածել է նվիրատվություն անի, ուրեմն ճիշտ լուծումը դա է»,-ասաց նրա ընկերներից մեկը:

Նկատենք, որ Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին