Կարևոր իրադարձություններ

Տարեցտարի վարչապետի էնտուզիազմը մի քիչ կնվազի. «Փաստ»

25 Հուլիս, 2017 08:26
Տարեցտարի վարչապետի էնտուզիազմը մի քիչ կնվազի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով մեկ տարի կլինի, ինչ մեր երկրի վարչապետն է Կարեն Կարապետյանը: Ով նաև մասնակիորեն փոխեց կառավարությունը: Ինչ–ինչ ոլորտների համար ընտրեց իր կադրերին և փորձեց իր ձևով առաջ տանել գործերը: Այսինքն` աշխատել այլ սկզբունքներով ու այլ մեթոդներով, որոնք, բնականաբար, ժամանակակից են և առավել արդյունվետ: Ի տարբերություն մեր երկրում ահա այսքան տարիներ գոյություն ունեցող մի համակարգի, երբ գործ է արվում, գործ է արվում, բարեփոխումներ են իրականացվում իրար հետևից, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում. ամեն ինչ մնում է նույնը:

Վարչապետի շռնդալից մուտքը խոստումնալից էր, ավելին` սպասումներ առաջացրեց մեր բնակչության մոտ: Բանն այն է, որ նա մատը դնում էր վերքերի վրա ու ասում էր` ահա այստեղ է պրոբլեմը. սա՛ պետք է վերացնել:

Իսկ նա բավականին շատ էր հրապարակային ելույթներ ունենում, որին էլ ակնապիշ նայում ու հետևում էր բնակչությունը: Ավելին` նրա ամեն մի այց որևէ կառույց կամ հանդիպում ինչ–ինչ ոլորտի մարդկանց հետ, քննարկման նյութ էր դառնում տևական ժամանակ: Ասես սովորական քաղաքացիներն էլ ապրում էին նրա խոսքով ու այդ խոսքի հմայքի տակ մնում երկար ժամանակով:

Վերջերս Կարեն Կարապետյանը կրկին այցելում է մարզեր: Օրերս եղավ Տավուշի մարզում: Եվ զարմանալիորեն ես համարյա տարբերություն չտեսա այն խոսակցությունների և այն թեմաների մեջ, ինչից ու ինչպես խոսել էր մեկ տարի առաջ, երբ որպես նորընծա վարչապետ կրկին շրջում էր մարզեր ու հանդիպում տեղի ներկայացուցիչների հետ:

Համարյա ոչ մի նոր բան չկար, պրոբլեմները նույնն էին. տեղական բյուջեների թերակատարում, աշխատատեղերի բացակայություն, բիզնես նախաձեռնությունների պակաս, կարծես լքված` դատարկվող բնակավայրեր: Նաև պատկերացնում եմ համայնքապետերի զարմացած հայացքներ, ովքեր կրկին լսում են վարչապետին, ով նրանց նախաձեռնող լինելու կոչեր է անում:

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել այս մեկ տարվա մեջ, որ այս մարդիկ, ովքեր տարիներով ապրել են այնպես, ինչպես ապրել են, հիմա միանգամից փոխվեն ու այլ դառնան: Երբ, կարելի է ասել, ոչ մի ընդհանուր բան չի փոխվել մեր երկրի թե քաղաքական, թե հասարակական, թե նաև տնտեսական ու սոցիալական կյանքում: Այս մարդիկ էլ` համայնքապետերը, ինչպես և ինչ դիրքով նստած են եղել իրենց կաբինետներում, շարունակում են նույն կերպ նստել ու այդպես էլ նստած մնալ:

Զարմանալի է, ի՞նչը պետք է ստիպի փոխվել այս մարդկանց: Կյանքը տարիներ շարունակ հեշտ ու հեշտ է եղել. ասել են` տեղական բյուջեն այսքան ենք հավաքագրել, մնացած պակասը կառավարությունն է հատկացրել:

Այդ ե՞րբ եղավ, ե՞րբ քննարկվեց, թե ինչո՞ւ է հենց այդքան գումար հավաքագրվել: Ո՞վ հետաքրքրվեց ու ուսումնասիրեց, ի վերջո, թե համայնքն իրականում բյուջեի հավաքագրման ինչպիսի պոտենցիալ ունի: Եվ թերացողներին ո՞վ ասաց` աչքիդ վրա ունք կա: Անգամ հետաքրքրվե՞ց, թե հավաքագրման ճանապարհին որտե՞ղ և ինչպիսի՞ հանգամանքներում են անհայտանում գումարները:

Բանն այն է, որ մեր համայնքապետերը ղեկավարության առջև միայն մեկ պատասխանատվություն ունեն: Կամ նրանց` իրենց լավ կամ վատ դրսևորելու միայն մեկ հնարավորություն է ընձեռված: Ընտրությունների ժամանակ կարողանո՞ւմ են բավարար ձայներ ապահովել իշխող կուսակցության համար, թե չեն կարողանում: Եթե կարողանում են` կեցցեն իրենք. հրաշալի աշխատող համայնքապետեր ունեն մեր իշխանությունները: Եթե` ոչ, ուրեմն հակառակն է:

Այնպես որ, մեր համայնքապետերից ոչ ոք չի պահանջել ու մինչև հիմա չի էլ պահանջում, որ լինեն համայնքի տնտեսական և սոցիալական զարգացումը համակարգող, դրանցով շահագրգիռ պաշտոնյաներ: Նրանց առջև այլ խնդիր է դրված, և իրենք հաջողությամբ էլ կատարում են վերջինս:

Միայն վարչապետն է մարզեր այցելելով` նրանցից այլ–այլ բաներ պահանջում:

Ախր, այդպես չի կարող լինել: Ախր, համակարգը պետք է նրանցից նման աշխատանք պահանջի, համակարգը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որպեսզի համայնքի ղեկավարը ստիպված լինի մտածել իր համայնքի զարգացման մասին ու դրա տեսլականն ունենա: Ինչպես արտահայտվում է Կարեն Կարապետյանը: Իսկ համակարգը նրանցից միայն ընտրությունները հաջողությամբ կեղծելու տեսլականն է պարտադրում: Եվ ո՛չ ուրիշ բան:

Ուստի, եթե ևս մեկ տարի հետո կամ ինչքան տարի հետո ուզես, կառավարության ղեկավարը այցելի մարզեր, կրկին նույն իրավիճակն է տեսնելու ու կրկին նույն խոսակցությունն է վարելու: Եվ էլի տնտեսապես գրագետ իր ելույթներն է ունենալու մարզի ղեկավարության ու համայնքների ներկայացուցիչների առջև: Ընդամե՛նը:

Պարզապես տարեցտարի վարչապետի էնտուզիազմը մի քիչ կնվազի, ու խոսքի ներշնչվածության աստիճանն էլ պակաս կլինի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին