Կարևոր իրադարձություններ

«Մենք մեր կուսակցության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում». «Փաստ»

22 Հուլիս, 2017 07:35
«Մենք մեր կուսակցության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում». «Փաստ»

«Փաստ»-ի հյուրն է «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ինչպիսի՞ն են արշալույսները «Ժառանգություն» կուսակցությունում:

– Շատ խաղաղ:

– Նոր սրբագրումներ կլինե՞ն նրա մարտավարության և ռազմավարության մեջ:

– Խոշոր հաշվով` ոչ: Եվ դրա կարիքն էլ չկա: Որովհետև սկզբունքային այն խնդիրները, որոնք դրված են եղել կուսակցության գործունեության հիմքում, կան և շարունակում են առավել խորացվել: Այնպես որ, մենք մեր գործունեության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում: Ինչպես միշտ, պետության և քաղաքացու շահը գերակա է լինելու մեզ համար: Կամ մեր երկրի, նաև Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրները, ինչպես ժամանակին եղել են, այնպես էլ ներկայումս մեր օրակարգում են:

– Իսկ ե՞րբ եք սկսելու ձեր ակտիվ գործողությունները: Այսպես ասած` երբ եք մեկնարկելու դրանք:

– Մեր գործունեությունը սկսվել է 2003 թվականից և շարունակվում է մինչև այսօր: Այնպես որ մեր մեկնարկը վաղուց է տրվել:

Ճիշտ է, այսօր «ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում չէ, բայց, հաշվի առնելով այն փաստը, որ մենք քաղաքական դաշտում օրակարգ ձևավորող կուսակցություն ենք, ինչպես ժամանակին եղել ենք, այսօր ևս մնում ենք հասարակության և լրատվամիջոցների հետաքրքրությունների կենտրոնում:

Եվ այդպես` անկախ այն հանգամանքից` ժամանակաշրջանը ընտրակա՞ն է, թե հետընտրական: Իսկ այս փաստը խոսում է «ժառանգություն» կուսակցության` երկրում ունեցած կարևոր քաղաքական դերակատարության մասին:

Եվ քանի որ այսօր մեր երկրում, ըստ էության, ձևավորվել է ոչ քաղաքական խորհրդարան, ապա տվյալ հանգամանքը է՛լ ավելի է կարևորում մեր կուսակցության դերն ու նշանակությունը հասարակական–քաղաքական կյանքում:

Իսկ մեր հասարակական և քաղաքական դաշտում առկա են լուրջ խնդիրներ: Հատկապես երկրի ինքնիշխանության հետ կապված խնդիրները: Կամ այն մտահոգությունները, որոնք առնչվում են երկրի անվտանգությանը: Նաև` քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում:

Իսկ իշխանափոխության և արմատական բարեփոխումների հարցերը, ինչպես ժամանակին եղել, այնպես էլ այսօր մնում են քաղաքական մեր օրակարգի կենտրոնում:

Ուստի մենք շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունն այս ուղղություններով:

– Այսօր մեր երկրում քաղաքական պրոցեսները, կարծես թե, կենտրոնացել են դատարանների շուրջ, որտեղ ընթանում են «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և այլոց դատավարությունները: Դուք կարծես չեք մասնակցում. ինչո՞ւ:

– Ինչպես ես, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա ենք եղել այդ դատավարություններին: Բայց քանի որ, որպես այդպիսին` դատական պրոցես, դեռևս գոյություն չունի, ընդամենը բացարկների հերթագայություն է, ներկա չենք լինում: Երբ հունի մեջ կմտնի դատավարությունը, մենք այնտեղ կլինենք:

– Իսկ քաղաքական դաշտի համախմբման ուղղությամբ դուք քայլեր անո՞ւմ եք:

– Մենք մատնանշել ենք, թե ինչպիսի խնդիրներ կան մեր երկրում, և ասել ենք, որ դրանք լուծելու նպատակով կհամագորրծակցենք այլ ուժերի հետ, եթե վերջիններս ցանկանան:

– «Ելք» դաշինքը ցանկանում է Ազգային ժողովում ԵՏՄ–ից դուրս գալու առաջարկությամբ հանդես գալ: Դուք, որպես արտախորհրդարանական ուժ, կսատարե՞ք նրանց:

– Ասեմ, որ դեռևս «Ելքի» այդ որոշումը վերջնական չէ: Բայց ինչ վերաբերվում է ԵՏՄ–ից դուրս գալուն, ապա ես շատ ուրախ եմ, որ «Ժառանգության» այդ օրակարգային հարցին միանում են նաև «Ելք» դաշինքի անդամները: Նրանք ևս մտադրություն ունեն այն բերել քաղաքական օրակարգ:

Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 5–ին մենք հրավիրել էինք անկախության օրակարգով հանրահավաք: Մասնակցության համար հրավիրել էինք բոլոր այն հասարակական և քաղաքական ուժերին, որոնք դեմ էին մեր երկրի` ԵՏՄ–ին անդամակցելու գաղափարին: Նպատակ ունեինք համախմբված պայքարել դրա դեմ: Այն ժամանակ, ցավոք սրտի, արձագանք չեղավ, ու հարթակում մնացինք միայն մենք:

Իսկ հիմա, որոշ ժամանակ անց, երբ մեր գործընկերները հանգում են նույն գաղափարին, ապա դա միայն կարելի է ողջունել: Եվ, բնականաբար, մենք աջակից կլինենք նրանց: Առավել ևս, որ հարցին նմանատիպ մոտեցմամբ մենք հանդես եկել ենք նախորդ խորհրդարանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին