Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» հոգեբուժարանում բժիշկներին ազատում են աշխատանքից, մոռանում հիվանդների հացը. «ՀԺ»

20 Հուլիս, 2017 09:37
«Նուբարաշեն» հոգեբուժարանում բժիշկներին ազատում են աշխատանքից, մոռանում հիվանդների հացը. «ՀԺ»

«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, «Հայկական ժամանակ»-ի ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում:

Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական:

Նույն աղբյուրները նաեւ փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում:

Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե... հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը:

Նկատենք, որ Միրիջանյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում արմատական փոփոխություններ է սկսել` չնայած որ սահմանված կարգով դեռ չի անցկացվել թափուր պաշտոնի մրցույթ եւ ինքը չի հաղթել: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում նախատեսվում է, որ մի շարք հոգեբուժական հաստատություններ կօպտիմալացվեն-կմիավորվեն եւ նա կդառնա միավորված հոգեբուժական կենտրոնի ղեկավար:

Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատված բուժաշխատողների փոխարեն Գագիկ Միրիջանյանը մտադիր է նոր կադրեր ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին