Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ չեն փոխում վնասված մեր գերբը. գերբի նորացված տարբերակը վաղուց ստեղծված է. «Փաստ»

15 Հուլիս, 2017 07:20
Ինչո՞ւ չեն փոխում վնասված մեր գերբը. գերբի նորացված տարբերակը վաղուց ստեղծված է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս երկու և ավելի տարի առաջ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի վերամշակվի մեր պետության գլխավոր խրհրդանիշներից մեկը` գերբը:

Բանն այն է, որ 2012 թվականից արդեն ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատել էր, որ վնասված է մեր գերբը: Եվ անվերջ ահազանգում էր այդ մասին: Փաստորեն ինչ–ինչ ուժեր դավադրաբար արել էին իրենց սև գործն ու մի կողմ քաշվել:

Ժամանակավոր հանձնաժողովը համաձայնվեց Կ. Աղամյանի հետ: Հավաստեց, որ գերբը, իրոք, վնասված է և ունի վերամշակման, վերականգնման կարիք:

Հանձնարարվեց մեր երկրում հերալդիգայի եզակի մասնագետներից հենց նրան` Կարեն Աղամյանին, որպեսզի ստեղծի ու ներկայացնի գերբի վերամշակված վերջնական տարբերակը: Այն չպետք է հակասեր Սահմանադրության դրույթներին:

Այդ նպատակով Կարեն Աղամյանը ժամանակին պայմանագիր կնքեց Մշակույթի նախարարության հետ: Եվ վաղուց արդեն կատարել է պայմանագրային իր պարտականությունը. ստեղծել է գերբի վերամշակված տարբերակը: Այն պատրաստ է դեռևս անցյալ տարվա ապրիլից:

Սակայն նորացված գերբը դեռևս չի մտնում շրջանառության մեջ: Ինչո՞ւ:

Պետական մարմինները պատասխանում են, որ գործն ընթացքի մեջ է: Իսկ այդ ընթացքը ձգվում է արդեն ահա այսքան ժամանակ:

Այն դեպքում, երբ հերալդիգայից` նիշագիտությունից հասկացող մարդիկ քաջ գիտեն, թե ցանկացած պետության համար որքան կարևոր են խորհրդանիշները: Դրանք, ըստ էության, իրենցով ուղղորդում են պետության ճակատագիրը, ղեկավարում տվյալ ժողովրդի ընթացքը:

Անշուշտ, պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ հասկանան հերալդիգայից և այս գիտության մանրամասների մեջ կարողանան խորամուխ լինել: Այդ թվում` և պետական պաշտոնյաները: Ի վերջո, այն նաև շնորհ է, որը ոչ բոլորին է տրվում: Սա բնավ զարմանալի չէ:

Բայց, ա՛յ, զարմանալին այն է, որ մեր պաշտոնյաները չեն լսում իմացող մարդկանց, հաշվի չեն առնում տեղյակ մարդկանց տեսակետները: Իսկ վերջիններս տագնապած ահազանգում են այդ մասին: Եվ վաղուց են ահազանգում, թե նման թուլացված ու վնասված գերբով շարունակել ապրելը ինչպիսի ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի ու պետության համար:

Գուցե առաջին հայացքից թվա, թե այն` գերբի փոփոխությունը, մեծ ծախսերի հե՞տ է կապված: Քավ լիցի. և ոչ մի լումա չի պահանջվելու դրա համար: Այնպես չէ, որ միանգամից վերցրեցին ու երկրով մեկ տարածված գերբերը սկսեցին փոխել: Այն պարզապես լինելու է աստիճանական գործընթաց. այսուհետ գերբ պատվիրողը կստանա նոր գերբի տարբերակը: Ընդամե՛նը:

Հիմա` հարց. ինչո՞ւ են մեր պետական պաշտոնյաները գերադասում, որ երկրի գլխավոր խորհրդանիշի վրա առյուծը խեղճ լինի ու ձեռնասուն, բերանը` փակ, որը հենց հակասում է հերալդիգայի օրենքներին: Գործող թուրը, որը մեր զորականության խորհրդանիշն է, կոտրված լինի և շղթայակապ: Իսկ գերբի կենտրոնում վահանի վրա պատկերված Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների և Ռուբինյանների խորհրդանիշները լինեն աղավաղված և ծաղրանքի ենթարկված: Ժապավենը լինի առանց կարգախոսի: Արծիվները ոչ թե, իրոք, արծիվներ լինեն, այլ լինեն հավեր: Իսկ արևն էլ, որը մեր ապագան է ըստ էության, արգելափակված լինի, առնված շրջանագծի մեջ:

Նորից ենք ասում` իրենք չգիտեն, թող հարցնեն իմացողին: Հո պատահական չէ՞, որ ցանկացած զարգացած երկրում նախագահին կից գործում է հերալդիգայի խորհուրդ: Խորհուրդն է հետևում և հսկում երկրի խորհրդանիշների կիրառությունը: Ավելին. պետական և ոչ մի մարմին չի կարող առանց խորհրդի թույլտվության շրջանառության մեջ դնել որևէ սիմվոլիկա կամ նշան:

Մեզ մոտ նման բան չկա, մեր պետական խորհրդանիշները անպաշտպան են ցանկացած դավադրության առաջ, որից էլ հրաշալիորեն օգտվում են մեր թշնամիները:

Իսկ մասնագետը` գործից հասկացող մարդն էլ երբ ահազանգում է, մեր պաշտոնյաներն ասում են` սպասե՛ք:

Սպասենք ինչքա՞ն: Եվ ինչո՞ւ սպասենք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին