Կարևոր իրադարձություններ

Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

14 Հուլիս, 2017 18:52
Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2017 թվականի հուլիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դատախազությունից ստացվել են 2017թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը։ Համաձայն ստացված նյութերի՝ դատարանի շենքի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել հասարակական կարգի պահպանությունն ապահովելու պարտականությունը կատարելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, շիշ նետել նրանց ուղղությամբ։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը բացատրությամբ հայտնել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները 2017թ. հունիսի 28-ին խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը, չեն թույլատրել հանդիպել իր վստահորդին: Բացի այդ, քննչական բաժնում դատախազությունից ստացվել է նաև ՄԻՊ-ի ահազանգը՝ հունիսի 28-ին դատարանի շենքի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ։

Հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը քննարկելու միջնորդությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին